Հասարակություն

Արմավիրի հայերը

satikisahakyan
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի և Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի բարեկամությունն ավելի ամուր հիմքերի վրա է դրված տեղի հայկական համայնքի և հայ մտավորականների շնորհիվ: Արմավիրի քաղաքային դումայի 28 պատգամավորներից 6 հայեր են: Ներկայում հայ բարերարների շնորհիվ հիմնանորոգվում է սուրբ Աստվածածին եկեղեցին, որը մեծ դեր ունի հայապահպանության գործում:

 

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքը տասը տարուց ավելի բարեկամացել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի հետ, որի հիմնադիրները նույնպես հայեր են: 1839թ չերքեզական գյուղերից գաղթած  լեռնեցի  հայերը Կուբանի ձախ ափին հիմնել են աուլ, որը 1848թ  հայ հոգևորական  Պետրոս Պատկանյանի շնորհիվ անվանվեց  հայոց մայրաքաղաքներից մեկի անվամբ՝ Արմավիր:  1914 թվականին Արմավիրը Նիկոլայ 2-րդ կայսրի հրամանով  ստանում է քաղաքի կարգավիճակ:

Արմավիրը ՌԴ Կրասնոդարի երկրամասի արդյունաբեկան երկրորդ խոշոր քաղաքն է: Հիմա էլ այնտեղ ապրում են մեծ թվով հայեր, որոնց մի մասը անցած դարի վերջին բռնագաղթել է Ադրբեջանից: Արմավիրի քաղաքային դումայի նախագահ Ալեկսանդր Պոլյակովը արժանապատվորեն է խոսում  հայ համայնքի, հայ մտավորականի ու դումայի պատգամավորների մասին: Քաղաքային դումայի 28 պատգամավորից 6 հայ է: Կուբանի Արմավիրի պատվավոր քաղաքացիներից 5 նույնպես հայեր են:

Արմավիրում 1840 թվականից գործում է սուրբ Աստվածածին հայ Առաքելական  եկեղեցին: Հայերի աղոթքի տունը  սկզբում փայտաշեն էր և հրդեհվել էր  լեռնաբնակների հարձակումից, նույն տարում կառուցվել՝ աղյուսից և օծվել՝ 1846թ-ին:  Եկեղեցին հիմա էլ է հիմնանորոգվում: Հայ բարերարների նվիրաբերությունների շնորհիվ  արդեն հինգերորդ տարին հիմքին մինչև գմբեթի խաչը նորոգվում է: Հայկական սուրբ Աստվածածին եկեղեցում 19 տարի ծառայում է տեր Մակար ավագ քահանա Տերտերյանը:  Հոգևոր հովիվը նշեց, որ եկեղեցին մեծ դեր ունի հայապահպանության գործում: Այն մարդաշատ է լինում հատկապես եկեղեցական տոներին: Հավատքի տունն ունի իր մշտական այցելուները, իսկ հավատացյալները  մշտապես  մասնակցում են եկեղեցու ծիսակարգերին:

Բազմազգ Արմավիրում, հոգևոր հովվի խոսքերով, ազգամիջյան տարաձայնություններ գրեթե չկան, ապրում ու աշխատում են համերաշխ, բարեկամաբար: Բարեկամության երաշխիք է նաև Արմավիրի քաղաքային դումայի նախագահ Ալեկսանդր Պոլյակովի հնգամյա որդու մկրտության կնքամոր հայ լինելը.«Վալյա Պետրոսյանը իմ որդու կնքամայրն է, հասկանում եք, հենց այսպես էլ բարեկամաբար ապրում ենք»:

Իսկ Արմավիրի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մակար ավագ քահանա  Տերտերյանը հավելեց՝ մենք մեզ օտար չենք զգում մեր քաղաքում:

Back to top button