Քաղաքական

Բ. Սահակյան. Չկա մի հայ, ով Արցախի ապագան տեսնում է տարածքային փոխզիջումների տարբերակով

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»

ԼՂՀ նախագահ  Բակո Սահակյանը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման նպատակով ընթացող բանակցություններից այս փուլում մեծ սպասելիքներ չունի, ինչի մասին ասել է լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի պատվիրակների հետ հանդիպման ժամանակ: Համաժողովի 5-րդ նիստն անցկացվել է Ստեփանակերտում, քննարկվել են   հայ լրագրողական հանրության առջեւ ծառացած  մարտահրավերները, արցախյան լրատվադաշտի   յուրահատկությունները եւ այլն:  Լրագրողները հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, այցելել են  առաջնադիրք, զրուցել են զինվորների եւ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի հետ:

 

Արցախցի գործընկերների հետ քննարկումներից բացի համահայկական լրագրողական համաժողովի մասնակիցները Արցախում մասնագիտական պարտականությունները կատարելու առիթը բաց չթողեցին: Առաջնադիրքում, թշնամուն դեմ հանդիման կանգնած   զինվորից տեղեկություն ստանալու բացառիկ հնարվորություն էր ընձեռված:

ԼՂՀ նախագահի հետ հանդիպմանը տարբեր երկրների պարբերականներ ներկայացնող լրագրողներին հնարավորություն էր տրվել քննարկել հակամարտության քաղաքական կողմը. բնականաբար  հարց հնչեց  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների մասին: ԼՂՀ նախագահը հայտարարեց, որ Ադրբեջանը գործում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին հակառակ:  Եվ հաշվի առնելով հրադադարի ռեժիմի խախտման ինտենսիվությունն ու դիվերսիոն ներթափանցման փորձերը՝ սպասելիքները բանակցային գործընթացից այս փուլում մեծ չեն:

Փոխզիջումների մասին խոսելով՝ Բակո Սահակյանը նշեց, որ միայն ժողովուրդն ունի երկրի ճակատագիրը տնօրինելու իրավունքը, իսկ  Արցախի դեպքում ոչ միայն արցախցիների, այլ ամբողջ հայության կարծիքն է կարևոր: Նախագահը նաեւ վստահություն հայտնեց, որ   չկա մի հայ, ով Արցախի ապագան տեսնում է տարածքային փոխզիջումների տարբերակով:

Պատասխանելով հարցերին՝ ԼՂՀ նախագահը բացառեց  արտաքին քաղաքականության մեջ պաշտոնական Ստեփանակերտի ու պաշտոնական Երևանի տարաձայնություններ ունենալը՝ կարծիք հայտնելով, որ միացյալ Հայաստան ունենալը ոչ միայն արցախցիների, այլեւ ողջ աշխարհում ապրող հայերի ցանկությունն է:

Back to top button