Հասարակություն

Բնապահպանները ցանկանում են՝ էկոնոգիական մշակույթն արտացոլվեր տնտեսության մեջ

sonahakobyan

2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացման օրակարգ 2030»- ում ներառված կայուն զարգացման 17 նպատակները՝ ընդունված աշխարհի երկրների առաջնորդների կողմից 2015թ. սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի պատմական գագաթաժողովի ժամանակ: Առաջիկա 15 տարիների ընթացքում աշխարհի երկրները կհամախմբեն իրենց ջանքերը՝ վերացնելու աղքատությունն իր բոլոր ձևերով, պայքարելու անհավասարությունների դեմ և լուծելու կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները՝ միաժամանակ հետևելով, որ  ոչ ոք չանտեսվի: Այդ ծրագրի շրջանակներում Հայաստանի պարտավորություններին են այսօր անդրադարձել բնապահպաններ Կարինե Դանիելյանն ու Սիլվա Ադամյանը: Անդրադառնալով կառավարության ծրագրին՝ Սիլվա Ադամյանը նկատել է, որ կառավարությունը չի աշխատել լավ թիմով այս ծրագրի վրա: Չի աշխատել այն մարդկանց հետ, ովքեր իրազեկ են խնդիրներից և կարող են ճիշտ ուղղություն տալ: 

 

Այսօր ՄԱԿ-ի միջազգային օրն է: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ուղերձ է հղել օրվա առթիվ՝ շեշտելով, որ մարդկությունը թևակոխել է կայունության դարաշրջան՝ «Կայուն զարգացման օրակարգ — 2030»-ի մեծ պարտավորությունն իրականացնելու համաշխարհային հանձնառությամբ: Եվ ահա, կազմակերպության 71-րդ տարում մենք ունենք 17 նպատակ։ Բնապահպան Կարինե Դանիելյանն անդրադառնալով այդ նպատակներին նկատում է, որ քաղաքակրթությունը մտել է էկոլոգիական ճգնաժամ և, միայն կայուն զարգացման նպատակներով շարժվելով, կարելի է այդ ճգնաժամը հաղթահարել: Սրա համար  նախևառաջ պետք է տեղայնացնել կայուն զարգացման նպատակները, համապատասխան ծրագրեր մշակել և հստակ գիտակցել, որ դա միայն բնապահպանության նախարարության խնդիրը չէ: Կարինե Դանիելյանը, իհարկե, չի ժխտում, որ այս ուղղությամբ բավականին աշխատանք կատարվել է դեռ նախորդ կառավարության հետ: Հույս ունի, որ նոր կառավարությունը ևս կծանոթանա այդ աշխատանքներին և շարունակի նախորդի սկսած գործը:      «Մեզ մոտ կարծես դարձել է օրենք: Ամեն նոր կառավարություն զրոյից է սկսում: Հույս ունեմ, որ գոնե այս անգամ այդպես չի լինի, մեր կատարած աշխատանքը զրոյի չի հավասարվի»,-

Նոր կառավարության ծրագրից Կարինե Դանիելյանն ընդհանուր առմամբ գոհ է: Շատ ավելի լավ կլիներ, որ էկոլոգիական մշակույթն արտացոլվեր այլ ոլորտներում ևս՝ մասնավորապես տնտեսության բնագավառներում: «Բնապահպանության նախարարությունն իր ծրագրերում ներառում է, փորձում է ինչ-որ բան անել, բայց տնտեսության ոլորտն ուղղակի չի ընդունում: Օրինակ՝ տուրիզմի համաշխարհային կազմակերպությունը հարցում էր կատարել երկրների վերաբերյալ: Հայաստանը, ըստ բնության հուշարձանների լանդշաֆտների, առաջին տասնյակում է: Ըստ պատմամշակութային ժառանգության՝ առաջին տասնյակում է: Ինչն է խանգարում, որ շրջակա միջավայրի վիճակը վերջին տեղերում է: Վրաստանով գալիս ես մաքուր, կանաչապատ ճանապարհներով , հենց մտնում ես Հայաստան, այն քեզ աղբով է դիմավորում: Ճանապարհին քանդված շինություններ՝ աղբով լի: Նման պայմաններում տուրիզմը որքան էլ գովազդվի, միևնույն է՝ չի զարգանա»։

Նույնը վերաբերում է նաև քաղաքաշինությանն ու հանքարդյունաբերությանը: Բնապահպանության աղետալի վիճակով ոչ պակաս մտահոգ Բնապահպանական դաշինքի անդամ Սիլվա Ադամյանն էլ անդրադարձավ նոր կառավարության ծրագրին, որն իրեն ոչ միայն չի գոհացնում, այլև ավելի լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: «Ծրագրից  երևում է, որ կառավարությունը չի աշխատել լավ թիմով այս ծրագրի վրա: Չի աշխատել այն մարդկանց հետ, ովքեր իրազեկ են խնդիրներից և կարող են ճիշտ ուղղություն տալ: Իսկ ամենակարևոր խնդիրները, որոնց չեն անդրադարձել, հանքարդյունաբերության ոլորտն է և կենսաբազմազանությունը»:

Բնապահպանները, իհարկե, փորձել են այս խնդիրների մասին իրենց մտահոգությունները հայտնել վարչապետին: Երկու նամակներից և ոչ մեկին գործադիրը չի պատասխանել։ Թերևս միակ խնդիրը, որը լուծվել է, վերաբերում է թունաքիմիկատների գերեզմանոցին։ Բնապահպանության նախարարի հետ հանդիպման արդյունքում որոշվել է այն չտեղափոխել Կոտայքի մարզ։

Back to top button