ԿարևորՔաղաքական

Իրանցի դիվանագետը ու ռուս հետախույզը՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին

marlenahovsepyan

Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Քասեմին հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում որևէ երկիր չի կարող ունենալ այնպիսի դրական դերակատարություն, ինչպես  Իրանը: ԱՊԱ գործակալության հետ զրույցում, հիշեցնելով Թեհրանի դերը ԽՍՀՄ փլուզումից հետո ղարաբաղյան հակամարտության գոտում առաջին լուրջ հրադադարը հաստատելու հարցում, Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ այսօր Թեհրանի միջնորդական ջանքերն օրակարգում չեն:

Մինչ պաշտոնական Թեհրանի ներկայացուցիչը հիշեցնում է Իսլամական Հանրապետության ունեցած կառուցողական դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբնական փուլում, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարն ուշագրավ մանրամասներ է գաղտնազերծել ղարաբաղյան հարցով՝ դեռևս 90-ականների վերջին կայացած բանակցությունների կուլիսներից: Երևանն ու Բաքուն մոտ են եղել խաղաղ համաձայնագրի կնքմանը, սակայն կողմերից մեկը վերջին պահին հրաժարվել է ստորագրել արդեն բանակցած փաստաթղթի տակ:

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավար Վյաչեսլավ Տրուբնիկովը, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 1996-ից 2000 թվականները որոշ մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հարցով Հեյդար Ալիև- Ռոբերտ Քոչարյան բանակցությունների մասին: Տրուբնիկովը մասնավորապես ասել է, որ «Ղարաբաղի հարցով խաղաղ պայմանագիրը ձախողվել է Հեյդար Ալիևի շրջապատի պատճառով, որը չէր ցանկանում տարածքներ զիջել»: Պաշտոնաթող գեներալը, որն այժմ Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար փորձագետ է, «Բալտնյուզի» հետ զրույցում  ասել է, որ ինքը 4 տարի մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին, որը քննարկում էր Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցերը: «Դա շատ դժվար էր: Սակայն Ղարաբաղի մասով իմ օրոք դրական իրավիճակ էր: Հանգուցյալ Հեյդար Ալիևն ու ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը, շատ ճիշտ էին ամեն ինչ ընկալում: 2000-ի ապրիլին մենք հանդիպեցինք Ֆլորիդայի նահանգի Քի Ուեսթում»,- ասել է Տրուբնիկովը:

Նրա խոսքով, «այդ ժամանակ հաջողվել էր գտնել հակամարտության կարգավորման բանաձևը. Արժույթի միջազգային հիմնադրամի միջոցներով հնարավոր կլիներ միջանցք ապահովել Ադրբեջանի համար դեպի հարավ, և Հայաստանից մինչև Ստեփանակերտ: Սակայն Հեյդար Ալիևը…Նա սկզբում ոչ ոքի չէր ասում, իսկ երբ պատմեց իր մերձավոր պաշտոնյաներին, նրանք դեմ եղան»,- ասել է  Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության նախկին տնօրենը:

Տրուբնիկովի խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղութայն հաստատումից հետո ծրագրվում էր հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայում: Խոսքը ԱՊՀ երկրների զինված ուժերի զորակազմերից բաղկացած խաղաղապահների մասին էր:

Back to top button