Հասարակություն

Ախալքալաքում երկու եկեղեցի է վերաօծվել

Հոկտեմբերի 23-ին Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում տեղի է ունեցել Սբ Սիոն եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը՝ ձեռամբ Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ու մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Վարդանյանի, Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի, Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի:

Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամուլի կենտրոնից հայտնում են, որ եկեղեցին կառուցվել է 1830-ական թթ., բայց տասնամյակներ շարունակ չէր գործում:

Եկեղեցին վերականգնվել է մի խումբ վաչիանցիների հովանավորությամբ: Վաչիանում հոգևոր հայրերին դիմավորել են ավանդական աղ ու հացով:

Գերաշնորհ Վազգեն Սրբազանը ողջունել է ներկաներին, շնորհավորել եկեղեցի ունենալու և Սուրբ Խաչի գյուտի տոնի կապակցությամբ, նշել գյուղում եկեղեցի ունենալու կարևորության մասին: Այնուհետև տեղի է ունեցել դռնբացեքի արարողությունը, որին հաջորդել է եկեղեցու օծման կարգը: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը, երկարատև դադարից հետո, մատուցել է եկեղեցու անդրանիկ Սուրբ Պատարագը: Կատարվել է նաև եկեղեցու բակում կանգնեցվաց, հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված, խաչքարի օծման կարգը, որին հաջորդել է մատաղի օրհնությունը:

Իսկ հոկտեմբերի 22-ին Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղում տեղի է ունեցել Սուրբ Խաչ եկեղեցու վերաօծման արարողությունը՝ ձեռամբ Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ու մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Վարդանյանի, Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի, Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի, Արագովայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի:

Եկեղեցին վերականգնվել է ծագումով Սուլդայից, բայց այժմ ռուսաստանաբնակ Հրազդան Առաքելյանի հովանավորությամբ:

Կարդացեք նաև
Close
Back to top button