Հասարակություն

Վաղվա օրը գրագետ մարդու օր է․ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեռուստաընկերություններին։ Անվանի լրագրողներն իրենց ու հասարակությանը հուզող հարցեր են ուղղել վարչապետին։ Հարցազրույցին մասնավորապես մասնակցել են «Արմենիա» ՀԸ լրագրող, հաղորդավար Սաթիկ Սեյրանյանը, Հանրային ՀԸ վերլուծաբան, հաղորդավար Գևորգ Ալթունյանը, «Շանթ» ՀԸ հաղորդավար, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը և «Կենտրոն» ՀԸ քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը։

Հանրային հեռուտաընկերության վերլուծաբան Գևորգ Ալթունյանը ՀՀ վարչապետին հարց ուղղեց կառավարության ծրագրի առաջնահերթությունների մասին՝ նկատելով, որ կառավարության ծրագրի հետ կապված գնահատականներում, փորձագիտական շրջաններում արձագանք կար, որ կառավարության ծրագրում հիմնականում ընդհանուր ձևակերպումներ են, այսինքն՝ որոշակիություն չկա։

Գևորգ Ալթունյան, Հանրային հեռուստաընկերություն – Պարոն վարչապետ, Դուք խոսեցիք ընդհանուր ձևակերպումներով, և եթե չեմ սխալվում, Ձեր կառավարության ծրագրի հետ կապված գնահատականներում, փորձագիտական շրջաններում նույնպես կար արձագանք, որ հիմնականում ընդհանուր ձևակերպումներ են, այսինքն՝ որոշակիություն չկա: Հիմա, համոզված եմ, որ Դուք առանձնացրել եք այն շատ կոնկրետ խնդիրները, որոնք անհրաժեշտ է լուծել ինչպես տնտեսության, այնպես էլ հանրային կյանքի առողջացման համար: Կա՞ այդ առաջնահերթությունը Ձեզ մոտ, և որո՞նք են այդ խնդիրները:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան – Ճիշտն ասած, ես չեմ կարծում, որ ծրագրի մեջ մենք խոսել ենք շատ ընդհանուր:

Գևորգ Ալթունյան, Հանրային հեռուստաընկերություն – Այդպիսի գնահատականներ հնչում էին:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան- Գուցե: Փորձեմ բաժանել փուլերի՝ ինչ ենք փորձել մենք հաղորդել մեր հասարակությանը: Նախ և առաջ մենք ասել ենք, որ պետք է փոխվենք և սկսենք մեզանից: Կառավարման մեթոդները, որոշում կայացնելու պրակտիկան, համակարգը բոլոր ոլորտներում՝ թե´ գնումներ, թե´ որոշման կայացում, կոլեգիալ լիազորություններ, նախարարների պատասխանատվություն, այդ ամենը կանոնակարգելու դեպքում մենք կարող ենք ռեալ ախտորոշել այն պրոբլեմները, որ կանգնած են մեր տնտեսության, մեր երկրի առջև:  Ենելով արդեն նոր կառավարման ձևավորված համակարգից՝ փորձենք տալ լուծումները: Բայց կառավարության համար առաջին խնդիրը ես տեսնում եմ, որպեսզի բիզնեսին, ստեղծագործ մարդուն, ակտիվ մարդուն չխանգարի:

Երկրորդը՝ բավարար է դա, որպեսզի մեր տնտեսությունն անհրաժեշտ աճի տեմպեր ցույց տա, և այլ գործառույթ պետությունը չունի, այս պահին կարծում եմ, որ ոչ: Հաշվի առնելով հանրության հուսալքությունն ասեմ, թե ոչ ակտիվ լինելը, հիմնականում այս պահին նկատի ունեմ մեր բիզնես միջավայրը, մենք հայտարարել ենք, որ մենք այստեղ որոշակի խթանողի դեր ենք կատարելու, ստեղծելու ենք ներդրումային հիմնադրամ, որպեսզի բիզնեսի հետ համատեղ մասնակցենք որոշակի նախագծերի մեջ, որպեսզի աշխուժություն մտցնենք:

Երրորդ՝ որպեսզի վաղը մեր երկրում լինեն բարենպաստ պայմաններ զարգացման համար, խիստ անհրաժեշտ է մեր քաղաքացուն, մեր երեխաներին, մեր հաջորդ սերնդին  կրթելը: Վաղվա օրը գրագետ մարդու օր է:

Չորրորդ՝ սոցիալական ոլորտի մասով ասել ենք, թե այսօրվա մեր կարողություններով ինչպե՞ս ենք վերաբաշխում իրականացնելու  սոցիալապես խոցելի խավերի մոտ, մանրամասն ըստ ոլորտների ասել ենք՝ ոնց ենք պատկերացնում: Առաջնայինը, բոլորն էլ առաջնային են: Վեց-յոթ ամիս հետո մեզ սպասում են ընտրություններ: Քիչ առաջ խոսելիս մեր գործընկերն ասաց, որ Կառավարության ծրագրի մեջ կան կետեր, որոնք դեկլարատիվ են: Ես  ուրախ կլինեի լսել՝ ոնց կարելի է այդ մասը ոչ դեկլարատիվ ասել: Ռեալ, մենք պահեր ունենք, որ դեկլարատիվ պետք է հայտարարենք, ասենք, պետծառայողի կերպարի փոփոխություն, հարկայինի և այլն կերպարի փոփոխություն: Այս ընտրությունները և սպասումները որոշակի առումով խանգարում են, որպեսզի արձագանք լինի: Ես վստահ եմ, որ հասարակության մեջ կա հետևյալ կարծիքը. եկեք սպասենք՝ ինչ, որ հայտարարում է, տեսնենք կլինի, թե չի լինի, վեց-յոթ ամիս հետո ինքը կլինի, թե չի լինի, և վեց-յոթ ամիս հետո մենք նոր կարձագանքենք՝ գնանք այս քայլերին, թե չէ: Կարծում եմ՝ այս հինգ-վեց ամիսը լինելու է բավական պասիվ սպասումներով: Կցանկանայի՞, որ պասիվ չլիներ՝ շատ:

Հարցազրուցն ամբողջությամբ ՝ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում

Back to top button