Հասարակություն

Գորհայքում էլ կապրես, եթե ծույլ չլինես

alisagevorgyan
Գորհայքցի տիկին Թամարայի վեց որդիներից չորսը դրսում են, բայց անսասան է նրա հավատը՝ Գորհայքում էլ կապրես, եթե ծույլ չլինես: Հարազատների կարոտի դեմ  նա պայքարում է  նոր տեխնոլոգիաների միջոցով. Գորհայք-Լոնդոն, Աշգաբադ, Մոսկվա, Նյու Յորք. 80 անց տիկին Թամարան բոլոր հարազատների հետ մշտական կապի մեջ է: Սյունիքի մարզի Գորհայք համայնքի բնակիչ Մուրադ Աղաջանյանն էլ դրսում հարազատներ ունի, բայց նորագույն տեխնոլոգիաներով կարոտի դեմ պայքարելու փոխարեն գերադասում է նրանց իր կողքի տեսնել: Գորհայքի ու գորհայքցիների խնդիրների, կարոտի դեմ պայքարի նախընտրելի մեթոդների մասին «Ռադիոլուրի» անդրադարձում:

 

Սյունքի մարզի Գորհայք համայնքը նախկին Բազարչայ գյուղն է, որի ավերակները գտնվում են Գորհայքից 3 կմ հեռավորության վրա: Գյուղը տեղափոխվել է Սպանդարյանի ջրամբարի կառուցման արդյունքում: 2011-ի մարդահամարի տվյալներով համայնքում 580 մարդ էր ապրում:

Գորհայքի բնակիչ Մուրադ Աղաջանյանն ասում է, որ վերջին տարիներին այդ թիվը զգալիորեն նվազել է: Աշխատանքի փնտրտուքը գորհայքցիներին տարբեր ուղղություններով է  առաջնորդել:

Դեպի Ռուսաստան գորհայքցիների հիմնական ուղղությունը երկուսն են՝ Մոսկվա, Կալուգա: «Հիմնականում սպասարկման ու շինարարության ոլորտներում են աշխատում, բայց Ռուսաստանի դեմ կիրառված միջազգային պատժամիջոցներից հետո այնտեղ էլ աշխատանք գտնելը դժվարացել է, գյուղացիների մի մասը վերադարձել ու անգործ նստել է»,-ասում է զրուցակիցս: Գյուղի խնդիրների, քամու, կարկուտի գյուղացուն պատճառված վնասների կողքին Մուրադ Աղաջանյանը թվում է գորհայքցիների մեծ մասի  գլխին պատուհաս դարձած գյուղական վարկերի խնդիրը: «Դրսում աշխատում են, որ Գորհայքում վարկ մարեն, բայց դա էլ ելք չէ: Այստեղ պետք է պայմաններ ստեղծվեն»,-ասում է Աղաջանյանը:

Գորհայքցի տիկին Թամարայի վեց որդիներից չորսը դրսում են, բայց  անսասան  է նրա հավատը՝ Գորհայքում էլ կապրես, եթե ծույլ չլինես:

«Որ աշխատես կապրես»,-ասում է:

Տիկին Թամարայի քույրը Աշգաբադից հյուր էր եկել: Մեր այցի ընթացքում նրա կարծիքն էլ լսեցինք՝ հեշտ է Գորհայքում ապրելը, թե՝ ոչ: Պատմեց, որ  1958 թվականին ամուսնացել ու Գորհայքից հեռացել է: Հայրենի գյուղում վերջին անգամ 2011-ին էր եղել: Գորհայք-Աշգաբադ, անընդհատ համեմատում ու եզրահանգման  է գալիս՝ կյանքն այստեղ բարդ է:

Նորագույն տեխնոլոգիաների դարում գորհայքցի տարեց քույրերը հեռավորությունից  չեն  դժգոհում: «Փառք աստծո, կոմպյուտեր կա, բան կա: Թոռներիս հրահանգում եմ ու անմիջապես գծի մեջ եմ »: Գորհայք-Լոնդոն, Աշգաբադ, Մոսկվա, Նյու Յորք. 80 անց  տիկին Թամարան բոլոր հարազատների հետ մշտական կապի մեջ է.«Կոմպյուտեր կա, շատ չենք կարոտում»:

Back to top button