Հասարակություն

Խոպանից տուժածները

satikisahakyan
Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ Օֆիկ Իսպիրյանի 10 հոգանոց ընտանիքում մեծացող անչափահաս երեխաները չունեն ապրելու բավարար պայմաններ: Երկու տղայի ընտանիքն ապրում է նույն հարկի տակ, չունեն աշխատանք և նոր տուն կառուցելու հնարավորություն:  Օֆիկ Իսպիրյանի ընտանիքի անհաջողությունները սկսվել են արտագնա աշխատանքից՝ ամուսինը չի վերադարձել խոպանից, տղաները հաշմվել են Ռուսաստանում, ինչպես նաև հայտնվել  մուտքի արգելքի տակ:

 

 

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում մտնելով ճանապարհից բավականին ցածր գտնվող մի տան բակ, տանտիրուհին նկատելով ինձ բարձրաձայնեց. «Որ եկել ես, փող բերել ես, փող բեր տուն սարքիմ, տասը նաֆար եմ, հինգ մանդր խմորակեր կապրին էս մեկ բնան մեջ: Բուն ա էսի, տուն չէ, ազիզ ջան, պատերը ճաք տվել, բլուկ, քանդուկ, գետնփոր, խոնավ, մետր ու կես մենք ճամփից ցած ա կապրինք»:

Օֆիկ Իսպիրյանը դժգոհեց իրենց ապրելակերպից, աշխատանք չկա, տղաները  չեն կարող մեկնել արտագնա աշխատանքի, որպեսզի կարողանան տուն կառուցել: Նշված տանն այժմ մեծանում է անչափահաս հինգ  երեխա, որից մեծը 9 տարեկան է, փոքրը՝ 3:  Նույն տանը Օֆիկը միայնակ մեծացրել է իր չորս երեխային: Ամուսինը  27 տարի առաջ լքել էր ընտանիքը, պատճառը՝ խոպանն էր: Խուսափել է գյուղում ապրելու դժվարություններից՝  ընտանիքի հոգսը ամբողջոթյամբ թողնելով կնոջ վրա: Օֆիկ Իսպիրյանը դժվարությամբ է մեծացրել իր 4 երեխային.«Ինքը գնաց ու չեկավ, չորս երեխա՝ երկու աղջիկ, երկու տղա, տանջանքով, հավ ու հավկիթով, էսքան երեխին պահել եմ, մարդ եմ դարձրել»:

Տանջանքը շարունակվում է առ այսօր, երեխաներն ամուսնացել են, տղաներն ապրում են նույն տանիքի տակ: Ավագ որդին՝ Արայիկ Իսպիրյանը, շարունակ խոսում է հոր մասին, զգում նրա բացակայությունը, համոզված է, եթե հայրը իրենց կողքին լիներ, ապա իրենք այդքան վատ չէին ապրի:  Եղբոր հետ մի քանի անգամ փորձել են հորը տուն վերադարձնել, սակայն՝ հրաժարվել է:

Հայրն ընտանիքը լքել էր  խոպան մեկնելու երկրորդ տարում, հիմա ապրում է Ուկրաինայում՝ երկրորդ ընտանիքի հետ: Գեղարքունիքի մարզի գրեթե բոլոր գյուղերում  տղամարդիկ մեկնում են սեզոնային աշխատանքի և ձմեռնամուտին տուն  վերդառնում: Իրենց ունեցած հողաբաժիններով, որտեղ մեծամասամբ մշակում են կարտոֆիլ՝ չեն կարողանում ընտանիք պահել, այլ աշխատանք էլ չունեն:

Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանը տեղեկացրեց,  որ համայնքի 18-ից մինչև 65 տարեկան տղամարդիկ մեկնում են  արտագնա աշխատանքի: Գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ և կենցաղային հոգսերով  հիմնականում զբաղվում են   կանայք և երեխաները: Համայնքի ղեկավարը նշեց, որ սոցիալական ծանր ապրելակերպը ստիպել է համագյուղացիներին  նույնիսկ ընտանիքներով մեկնել  արտագնա աշխատանքի, քանի որ տեղում աշխատած եկամտով կարողանում են նվազագույն չափով  հոգալ ընտանիքի կարիքները,  իսկ Հայաստանում ռուբլին արժեզրկված է:

«Եթե Ռուսաստանում աշխատում են, ենթադրենք, 1000 ռուբլի, ապա իրենք այնտեղ կարողանում են դրանով ապրել, իսկ մեզ մոտ 1000 ռուբլին 7000 դրամ է, մեկ պարկ ալյուր էլ չեն կարող գնել»,- ասաց Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը:

Աշխատանքային միգրանտներից շատերը  վերջին տարիներին Դաշնային  միգրացիոն օրենքների փոփոխության պատճառով զրկվել են արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունից: Խախտելով օրենքը,  աշխատանքային միգրանտները հայտնվել են մուտքի արգելքի գոտում, որի մասին հաճախ տեղեկանում են սահմանային անցակետում: Ռուսաստանի Դաշնություն  մուտքի  արգելք ունեն նաև  Արայիկ և Արթուր  Իսպիրյան եղբայրները, որոնք տարիներ շարունակ մեկնել են Ռուսաստան,  ինքնուրույն  աշխատանք փնտրել ու աշխատել՝ որոշակիորեն թեթևացնելով ընտանիքի բեռը:

Մուտքի արգելքի պատճառը ՌԴ միգրացիոն օրենքի խախտումն էր՝ Արայիկի գրանցման ժամկետը լրացել էր, իսկ Արթուրը՝ 7 ամիս թաքնված աշխատել:

Միայն միգրացիոն քարտը բավարար չէ աշխատանքնային միգրանտին ՌԴ տարածքում գտնվելու և աշխատելու համար, անհրաժեշտ է աշխատանքի թույլտվություն, ժամանակավոր կացության ձևակերպում, այսինքն՝  այն ամենը,  ինչը նախատեսված է Դաշնային միգրացիոն օրենքով, որը երբեմն փորձում են շրջանցել՝ չմտածելով հետևանքների մասին:  Արթուր Իսպիրյանը   Ռուսաստանում գտնվել է անօրինական աշխատանքային միգրանտի կարգավիճակում: Նա նշեց, որ գրանցվել է, սակայն չի դիմել աշխատանքի թույլտվություն ստանալ համար՝ ենթադրելով, որ այն թանկ արժե.«Եթե 20 000 ռուբլի ունենայի, կուղարկեի ընտանիքիս, յոլա կգնային»:

ՌԴ միգրացիոն օրենքով  մեկ աշխատանքային թույլտվության համար գանձվում է 1000 ռուբլի  պետական տուրք:   Արտագնա ծանր աշխատանքի պատճառով Արթուրը ստացել է   ողնաշարի ճողվածք, հիմա  չի կարողանում աշխատել, հույսը եղբոր վրա է և ընտանեկան նպաստի: Ռուսաստանում ավտովթարից  հաշմանդամ է դարձել նաև Արայիկ Իսպիրյանը, գանգոսկրի պլաստիկ վիրահատության է ենթարկվել, որի հետևանքով  նրան չի թույլատրվում կատարել ծանր աշխատանք:

Բազմանդամ ընտանիքի հույս Արայիկը գյուղում գումար է վաստակում վառելափայտ կոտրելով, տնտեսական թեթև աշխատանքներ կատարելով: «Ամենալավն այն կլիներ, որ ունենայի մշտական աշխատանք»,- ասաց Արայիկը:

Տարիներ հետո եղբայրները կրկին թույլտվություն կստանան մեկնել Ռուսաստան: Չունենալով  ապրելու միջոցներ ու պայմաններ,  և  10 հոգով ապրելով գետնափոր տանը, Իսպիրյանները չեն ցանկանում լքել հայրենիքը, նոր տուն կառուցելու էլ հնարավորություն չունեն: «Չեմ ուզում լքել հայրենիքս, ինչի համար լքեմ»,- եզրափակեց Արթուր Իսպիրյանը:

Back to top button