Մշակույթ

Պայքարում եմ երգով՝ իսլամացած հայերի ժառանգն իր վերագտած ինքնության մասին

Լուսանկարում՝ Ստեփան Իլհան Եփրեմյանը՝ ձախից

hasmikmartirosyan

Եփրեմ պապի անունը ազգանուն դարձնելով` 37- ամյա Ստեփան Իլհան Եփրեմյանը Արեւմտյան Հայաստանում բնակվող ծպտյալ հայ ընտանիքի զավակ է, ով այսօր իր ինքնության մասին խոսում է բարձրաձայն ու հպարտորեն: Մուստաֆա Իլհանը՝ այսօր արդեն Ստեփան Եփրեմյանը, Թուրքիայում հայտնի երգիչ- երգահան է, ու  փորձում է իր  երաժշտության միջոցով կապ հաստատել հայության երկու հատվածների միջև:

 

Արևմտյան Հայաստանում 1915 թ. բռնի իսլամացած հայերի թոռ, երգիչ Ստեփան Իլհան Եփրեմյանը ծնվել է 1979 թ. Արևմտյան Հայաստանի Ադիաման քաղաքի Քյախթա գյուղաքաղաքում: Ադիամանը Արեւմտյան Հայաստանի ամենաշատ դավանափոխ հայերի բնակավայրն է։ Երգիչը իր նախնիների հայրենիքում է հեռուստալրագրող Նաիրի Հոխիկյանի «Վերադարձի Ժամանակը» ֆիլմաշարի վեցերորդ՝ «Արևը ցեխով չես ծածկի» վավերագրական ֆիլմի երեւանյան շնորհանդեսին մասնակցելու նպատակով:

Այսօր արդեն հանդիպելով լրագրողների հետ՝ խոսել է բռնի իսլամացած հայերի ու նրանց ճակատագրի մասին՝ նշելով, որ ինքը երաժշտության միջոցով փորձում է կապ հաստատել հայության երկու հատվածների միջև: Երգահան- երաժիշտը իր հեղինակած «Արգելված սերենադ» ծրագրով հանդես է գալիս Թուրքիայի տարբեր գավառներում, որտեղ ներկայացնում է հայկական երգարվեստի զանազան նմուշներ՝ ուդի և կիթառի նվագակցությամբ:

Եփրեմյան ընտանիքի անդամներն արդեն ընդունել են իրենց հայկական ինքնությունը և բնակվում են Ալեքսանդրետ կամ Իսկենդերուն քաղաքում։ Մեկ հարց է ծագում և անհանգստացնում Ստեփանին, ո՞վ է այժմ ապրում Դիարբեքիրում՝ Տիգրանակերտում: Վերջին տարիներին գնալով սաստկանում է թուրք–քրդական հակամարտությունը, որի պատճառով կործանվում են հայերի պատմա- մշակութային ժառանգությունը՝ խոսքը Սուրբ Կիրակոս եկեղեցու մասին է:

Տեղեկացնենք, որ հայկական եկեղեցու մոտակայքում գործի դրված ականի պայթյունի հետեւանքով ամիսներ առաջ կոտրվեցին Սուրբ Կիրակոս եկեղեցու պատուհանների ապակիները, վնասվեցին պատերը:

«Սուրբ Կիրակոսը դարձել է խաչմերուկ, հանդիպման վայր, ինքնության վայր, խորհրդանիշ: Եկեղեցու վերանորոգումից ու վերաբացումից հետո հայերը եկեղեցում էին հավաքվում, իրենց ինքնությունը վերագտնելու օջախ էր այն դարձել: Եկեղեցում կազմակերպվեցին հայերնի դասընթացներ՝ քաղաքապետարանի օժանդակությամբ, շատերը ինքնակամ մկրտվեցին, սակայն դա կարճ տեւեց»,- ասում է։

Սուրբ Կիրակոսի վերաբացումից հետո, թեկուզ կարճ ընթացքում, տեղացի քուրդերը եւ թուրքերը հասկացան, որ հայերը վտանգավոր չեն եւ թշնամական վերաբերմունքն անտեղի է, երկուստեք շփմամբ փոխհարաբերությունները ավելի մարդկային դարձան՝ ասում է Ստեփան Իլհանը։ Իսկ թշնամական վերաբերմունքը վերսկսկվեց թուրք-քրդական բախման հետեւանքով եւ տեղական իշխանությունների հրահրումով։

Ի՞նչ է սպասում Թուրքիայի Հանրապետության քաղաքացի՝ հատկապես Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում ապրող հայերին էրդողանյան մենիշխանության ժամանակներում։ Հարցին երիտասարդը պատասխանում է՝ պետք է պայքարել, ես պայքարում եմ երգով, սակայն ներքին թշնամանքը մեծ է:

Եվ վերջում. Ստեփանը հաղորդակցվում էր թուրքերենով, սակայն իր խոսքում ցավով նշեց, որ հասկանում է մայրենի լեզուն, սակայն չի կարողանում պատասխանել: Հետո խոստացավ՝ կսովորի եւ… շուտ:

Back to top button