ՀասարակությունՄիջազգային

Հալեպի հայությունը գտնվում է անվտանգ հատվածում՝ ասում է Սիրիայի հայ պատգամավորը

hasmikmartirosyan

Հալեպում այսօր առավոտվանից տեղական ժամանակով 08-00-ից մինչև 19:00-ը հաստատվել է «հումանիտար դադար»: Ի՞նչ է սա նշանակում: Ավելի վաղ Սիրիայի կառավարությունը հայտարարել Էր, որ Հալեպի մի քանի շրջաններում զորքերը հետ են քաշվելու իրենց դիրքերից, որպեսզի «զինյալները հնարվորություն ունենան հատուկ ստեղծված միջանքցներով հեռանալ Հալեպի արեւելյան շրջաններից»: Ըստ Հալեպից ստացված հաղորդագրության, իշխանությունները «բոլոր միջոցները ձեռնարկել են, որպեսզի իրականացվի խաղաղ քաղաքացիների ու վիրավորների անարգել տարհանումը, ինչպես նաեւ ապահովվի զինյալների դուրսբերումը արեւելյան թաղամասերից»: Ի՞նչ վիճակում է այսօր գտնվում Հալեպի հայ համայնքը, արդյո՞ք  «հումանիտար դադարի» ժամանակահատվածը կօգտագործվի քաղաքը լքելու կամ ավելի ապահով վայր տեղափոխվելու համար:

 

Երկու ամիս հրթիռների արկերի տակ կքացող Հալեպում այսօր «հումանիտար դադար» է: Ի՞նչ է վերջինս նշանակում: Ըստ Սիրիայից ստացվող պաշտոնական տեղեկատվության, վիրավորները, բնակիչները ու անզեն ապստամբների խմբերն սկսել են դուրս գալ քաղաքի՝ սիրիական բանակի կողմից պաշարված մասից: Նրանց օգնություն են ցուցաբերում զինծառայողները եւ Սիրիայի Կարմիր մահիկի ընկերության կամավորները՝ ուղեկցելով մինչեւ ժամանակավոր տեղավորման վայրեր:

Արդյո՞ք «հումանիտար դադարից» կօգտվեն քաղաքի հայ բնակիչները: «Ռադիոլուրը» կապ հաստատեց Հալեպից ընտրված պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի հետ, ով գտնվում էր Դամասկոսում եւ մասնակցում խորհրդարանի նիստին։ «Եթե համայնքից որեւէ մեկը որոշում է կայացրել դուրս գալ, դա իր անձնական որոշումն է լքել քաղաքը, ու հայ համայնքը, տեղի կազմակերպությունները ոչ մեկին չեն արգելել ու արգելում»,- ասած նա՝ շարունակելոջ՝ «որեւէ մեկին արգելք չի եղել համայնքը, երկիրը լքելու հարցում : Համայնքը օժանդակում է բոլորին»:

Ինչո՞ւ են շուրջ 20 հազար հայերը շարունակում մնալ պատերազմող Հալեպում՝ «Ռադիոլուրի»  հարցին ի պատաասխան Ժիրայր Ռեիսյանը եւս մեկ անգամ նշեց, որ որոշումը յուրաքանչյուրին է, ու հայ համայնքը հիմնականում բնակվում է Հալեպի անվտանգ հատվածներում: «Հայ համայնքը գտնվում է սիրիական կառավարական ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում»:

Այդուամենայնիվ, տարածաշրջանում արաբագետները նոր սրացումներ կանխատեսում։ Արաբագետ Հայկ Քոչարյանը փաստում է, որ այսօր սրացումն ակնհայտ երևում է Հալեպի արևելյան շրջաններում, որտեղ կառավարական ուժերը փորձում են վերականգնել վերահսկողությունը: «Մեծ խնդիրը սիրիական ճգնաժամում այն է, որ երկու տարբեր բևեռներ ներկայացնող ուժերը (Ռուսաստանն ու Արեւմուտքը. խմբ.) իրենց վերահսկողության ներքո գտնվող սիրիական ուժերին վստահեցնում են, որ իրենք են հարց լուծողները, ու քանի դեռ այս վիճակը շարունակվում է, կտեսնենք նոր խորացումներ»:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այսօր ոչ պաշտոնական նիստ կանցկացնի նվիրված Հալեպում ստեղծված իրավիճակին։ Այնտեղ ուժի մեջ է մտել Ռուսաստանի և Սիրիայի իշխանությունների կողմից հայտարարված հումանիտար դադարը:

Back to top button