Հասարակություն

Քաղաքացիների դժգոհությունների ձայնը կառավարություն հասավ

hasmikdilanyan
Կառավարության այսօրվա նիստը սովորականից մեկ ժամ շուտ է սկսվել և սովորականից ավելի կարճ է տևել: Կառավարության անդամները  վարչապետի գլխավորությամբ  ԱԺ են շտապել՝ գործադիրի ծրագիրը ներկայացնելու: Իսկ նիստում կառավարությունը հաստատել է պետական մարմինների կողմից  «Ինտերնետ կապի տրամադրման» ծառայությունների գնման գործընթացին ներկայացվող նվազագույն պահանջները։ Նաև հաստատել է  «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունման արդյունքում, կառավարությունը կարծում է, որ կապահովվի քրեական գործերի միացման ինստիտուտի, հետևաբար նաև՝ նախաքննության իրականացման առավել արդյունավետ իրավակարգավորման մակարդակ: Դատախազի որոշումները բողոքարկելու դատավարական կառուցակարգ սահմանող նախագծում առաջարկվող փոփոխությունների արդյունքում ակնկալվում է հստակեցնել դատախազի և քննիչի փոխհարաբերությունները, ինչպես նաև ապահովել դատավարության այս  սուբյեկտների գործառույթների հավասարակշռված իրացումը: Այսօր էլ ավանդույթը չի խախտվել, նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարություններ է տվել:

 

Գյուղական տրանսպորտ, դժգոհություններ ԴԱՀԿ-ից. քաղաքացիների դժգոհությունների ձայնը կառավարություն հասավ: Վարչապետ Կարեն Կարապետյանը նախ  ՏԿԶ և ՏԿՏՏ նախարարներին հանձնարարեց  մարզպետների հետ ուսումնասիրել   իրավիճակն ու   ներկայացնել այն բնակավայրերի ցանկը, որտեղ տրանսպորտային սպասարկում ընդհանրապես չի իրականացվում՝ նշելով դրա պատճառները, ինչպես նաև ներկայացնել վերոնշյալ խնդիրների վերջնական կարգավորման հստակ առաջարկություններ: Կկանոնակարգվեն  նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական տույժերի հարկադիր կատարման ընթացքում  առաջացած խնդիրները;

 

Ընդերքի շահագործումը, լիցենզիաների տրամադրումը նույնպես կառավարության ուշադրության կենտրոնում է: Այսօր նաև կամփոփվեն նախորդ շաբաթների ընթացքում տրված հանձնարարականները:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված հարցերի մասին։

Պաշտպանական պետական պատվերի ձևակերպման կարգը հաստատված է։ Ըստ կարգի՝ ռազմական նշանակության ապրանքները, որոնք արտադրվում, վերանորոգվում կամ վերամշակվում են Հայաստանի սահմաններից դուրս, ինչպես նաև միջնորդների կողմից կատարվող մատակարարումները պաշտպանական պատվերի մեջ չեն ընդգրկվի: Փաստաթղթի համաձայն՝ գնման գները կձևավորվեն պետական կարգավորման մեթոդներ:  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի տեղեկացմամբ,  որոշման նախագծի ընդունմամբ հիմք է դրվելու  ռազմարդյունաբերության ոլորտը համակարգող միասնականնորմատիվ իրավական կարգավորմանը,

«Ռազմական կարիքների պետական պատվերների ժամանակին կատարմանը, որը հնարավորություն կտա արդյունավետ իրականացնել ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումները և զարգացումը»:

ԱՊՀ մասնակից պետությունների ավտոմոբիլաշինության  ոլորտում  համագործակցության մասին համաձայնագիրը նույնպես հաստատված է:  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի փոխանցմամբ, համաձայնագրի նպատակը  ԱՊՀ անդամ երկրներում ավտոմոբիլաշինության զարգացման բարձրացումն է: Նախագծին վարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքեց:

«Հնարավո՞ր է՝ «Երազ» գործարանն էլ նորից  աշխատեցնենք»: «Որոշակի կոմպլեկտավորող միջոցների արտադրանքի առաջարկություններ  ստացել ենք»:

ԱՊՀ-ում  կեղծ ապրանքների դեմ պայքարի համաձայնագրին միանալու որոշման նախագիծը նույնպես հաստատված է:  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի տեղեկացմամբ,  համաձայնագրով նախատեսվում է իրավական-նորմատիվային բազայի ներդաշնակեցում, այդ թվում՝ քրեական, մաքսային, հակամենաշնորհային իրավունքի, կեղծ ապրանքների արտադրության և վաճառքի համար պատասխանատվության միջոցներիխստացում: Կառավարությունը հաստատեց  «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում  լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախատեսվում է հստակեցնել իրավաբանական անձանց կողմից թվային հեռարձակման մասնավոր ցանց ստեղծելու համար մուլտիպլեքսների լիցենզիա ստանալու հայտերի ներկայացման և դրանց ուսումնասիրման գործընթացը։  Օրենքի նախագծով նախատեսվում է ավելի հեշտացնել լիցենզավորման  ընթացակարգը:

Թե ինչպես էր գյուղատնտեսության նախարար  Իգնատի Առաքելյանի ներկայացրած նախագծերից մեկն օրակարգում  հայտնվել,  չգիտեր անգամ նախարարը: «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ- ի գտնվելու վայրի համարակալման թվի փոփոխության   մասին է խոսքը. լսենք նախարարի ու վարչապետ Կարեն Կարապետյանի արձագանքը.«Չգիտեմ ինչի է հասել այստեղ»:

Վարչապետն էլ հարցրեց՝  ուրիշ ձև այս հարցը չի՞  կարգավորվում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար   նշանակվեց  Գագիկ Հայրապետյանը, մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը:

Back to top button