Հասարակություն

Մեկնարկել է Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը

sonahakobyan
Երևանում մեկնարկել է «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը: Համաժողովին մասնակցում են 140 լրագրողներ աշխարհի 31 երկրից: Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը նվիրվում է Հայաստանի և ԼՂ հանրապետությունների անկախության 25- ամյակին: Համաժողովը հասանելի կլինի նաև համացանցով ուղիղ հեռարձակմամբ: Այն կլինի ինտերակտիվ: Աշխարհի տարբեր երկրներից հայ լրագրողները հնարավորություն կունենան մասնակցելու համաժողովի աշխատանքներին համացանցի միջոցով և հարցեր ուղղել, առաջարկություններ անել, ելույթներ ունենալ: Հոկտեմբերի 23-24-ը համաժողովը կշարունակվի Արցախում: Համաժողովի բացմանն ընթերցվեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնության խոսքը: Համաժողովի բացման արարողությանը ներկա էին նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանը, ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսան Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք:

Լրագրողների արդեն ավանդական դարձած համահայկական համաժողովն այս տարի մեկնարկեց «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով: Հատկանշական է, որ 2 տարին մեկ անցկացվող այս համաժողովը տարեց տարի մեծացնում է աշխարհագրությունն ու մասնակիցների թիվը:  Համաժողովի նպատակը համահայկական տեղեկատվական դաշտի ընդլայնումն ու կատարելագործումն է, լրատվական ներուժի համախմբումը և արդյունավետ կիրառումը՝ ուղղված Հայաստանի զարգացմանը, ՀՀ միջազգային վարկանիշի բարձրացմանը, Սփյուռքում հայապահպանության, համահայկական հիմնախնդիրների լուծմանը:

mhm0109032-copy

Ողջունելով մասնակիցներին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առանձնահատուկ ընդգծեց Սփյուռքի լրատվամիջոցների դերը Հայաստանի առջև ծառացած համաշխարհային, տարածաշրջանային և ներքին մարտահրավերներին դիմակայելու գործում:

Համաժողովին այս տարի մասնակցում են 140 լրագրողներ` աշխարհի 31 երկրներից: Բազմաթիվ թերթերի խմբագիր Հակոբ Պալյանը Հայաստան է ժամանել Ֆրանսիայից: «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ պարտաճանաչ մասնակցել է նաև նախորդ համաժողովներին: Ինչպես նախկինում, այնպես էլ 8-րդ համահայկական համաժողովին Հակոբ Պալյանը բարձրացնելու է մի շարք հարցեր, որոնք, ըստ նրա, արդիական են ինչպես Սփյուռքի, այնպես էլ հայաստանյան մամուլում:

mhm0109031-copy

Սիլվա Պանոյան- Կարավարդանյանը ներկայացնում է Լիբանանի «Ազդակ» օրաթերթն ու Լիբանանի պետական լրատվական գործակալության հայերեն կայքէջը: Ի տարբերություն  Հակոբ Պալյանի՝ լիբանանցի հյուրը առաջին անգամ է մասնակցում համահայկական համաժողովին:

Մարի Լինդա Բոզյան Քուքշենքը ներկայացնում է «Նյու Յորքի հայերի ձայնը» հեռուստաընկերությունը: Համաժողովին արդեն 3-րդ անգամ է մասնակցում:

Այս տարվա խորագիրն իսկապես շատ մեծ խորհուրդ ունի՝  իր հերթին նկատեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը: Կարծում է, որ Սփյուռքի լրատվության միասնականության ապացույցն էր հատկապես ապրիլյան պատերազմի օրերին համահայկական լրատվամիջոցների միահամուռ աշխատանքն ու դիմագրավումը թշնամական ապատեղեկատվությանը։ Նշենք, որ համահայկական 8-րդ համաժողովի աշխատանքները Երևանում կշարունակվեն մինչև հոկտեմբերի 22-ը, որից հետո մասնակիցները կմեկնեն Արցախ:

Back to top button