Հասարակություն

Հայապահպանության խնդիրները ռուսահայ համայնքներում. Սփյուռքի նախարարը մտահոգված է

hasmikmartirosyan

Ուծացումը թիվ մեկն խնդիրն է, որն այսօր սպառնում է Սփյուռքին։ ՌԴ-ում բնակվող հայերի եթե ոչ երկրորդ, ապա երրորդ սերունդների պարագայում խնդիրը մտահոգիչ է դառնում: Այն, որ Սփյուռքի նախարարությունը կազմակերպում և իրականացնում է մի շարք ծրագրեր՝ երիտասարդներին արմատներին մոտեցնելու համար, բավարար չէ, հարկավոր է, որ եռակողմ՝ հայրենիք, համայնք ու ընտանիք կապը գործի արդյունավետ: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային բաժանմունքների նախագահների հետ հանդիպմանն այսօր շեշտել է, որ համալիր մոտեցում է հարկավոր հայերեն լեզվի պահպանման համար, այլապես 10 մլն հայից կարող է հայրեն խոսել 2 մլն-ը: Ի՞նչ հարցեր են քննարկվել Հրանուշ Հակոբյանի և Ռուսաստանի հայերի միության անդամների հանդիպման ժամանակ, ի՞նչ խնդիրներ ունի այսօր Ռուսաստանի հայ համայնքը, և արդյո՞ք նախարարության հայապահպանությանն ուղղված ծրագրերն արդյունավետությունը տեսանելի է:

 

Սփյուռքի նախարարությունում այսօր կազմակերպվել էր հանդիպում Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային բաժանմունքների նախագահների և նախարար Հրանուշ Հակոբյանի միջև: Հանդիպմանը ներկա չէր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, սակայն տեղակալների մասնակցությամբ հանդիպումը կայացավ, եւ հիմնական հարցերի՝ «հայապահպանության ինչպիսի՞ ծրագրեր են կիրառվեն, և ինչպե՞ս մասնակցել իրականացվող ծրագրերին» քննարկումը կայացավ:

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը հայապահպանության թիվ մեկ պայման մատնանշում է լեզվի պահպանումը, որն այսօր շատ մտահոգիչ է դառնում Ռուսաստանում, ու ոչ միայն: «Այն որ, ՌԴ- ում տասնապատկվում են կիրակնօրյա և շաբաթօրյա դպրոցները, փաստ է, սակայն պետականորեն հայկական դպրոց չի գործում:

Լեզվի պահպանման խնդիր այսօր մենք ունենք, սակայն ամեն ինչ պետք է անել արտագաղթը կանխելու համար, որպեսզի լեզվի պահպանման հարցը կարևորագույնը չդառնա»,- շեշտեց միության փոխնախագահը։

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, լեզվի պահպանման կարևորությանը  միտված ծրագրերը թվարկելով, Սփյուռքի ամենամեծ համայնքի ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ նախարարությունը բազմաթիվ քայլեր է իրականացնում թե ուսուցիչների կրթման, թե որակավորման, ինչպես նաեւ երեխաներին ուսուցանելու համար, հարկավոր է միայն մասնակցել պարբերաբար կազմակերպվող անվճար դասընթացներին: «Ցանկություն է հարկավոր»,- շեշտում է Սփյուռքի նախարարը:

Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց՝ պարբերաբար կազմակերպվում են Ռուսաստանի  տարբեր հատվածների հայկական համայնքների ղեկավարների հետ հանդիպումներ, որպեսզի կարողանան այդ ամբողջ ներկապնակում  հասկանալ գլխավոր հիմնախնդիրները, հարցերը և փորձել համապատասխան աշխատանքներ իրականացնել։

Հայապահպանությանը զուգահեռ չշրջանցվեց նաև տնտեսությանը վերաբերող հարցերը: Հրանուշ Հակոբյանը վերահաստատում, որ մեր տնտեսության զարգացման ճանապարհն ու ապագան կոչվում է Եվրասիական տնտեսական միություն, ու մինչեւ 50-60 տարեկանը կարելի է շատ գործ անել հայրենիքի սահմաններից դուրս, սակայն  60-ից հետո պետք է հայացք նետել ու մտածել, թե հայրենիքում ի՞նչ կարող ենք ստեղծել։ «Խոսքը բարեգործության մասին չէ,  այլ պատմության էջերում տեղ զբաղեցնելը»,- շեշտում է նախարարը։

Back to top button