ԿարևորՔաղաքական

Ընտրական նոր օրենսգրքի նոր փոփոխությունները. ԱԺ- ում կրկին անհանգիստ էր

lenabadeyan

Կառավարության քայլը՝ արտահերթ նիստում՝ 24-ժամյա ռեժիմով, ներկայացնել ԸՕ-ի փոփոխությունների եւ լրացումների հարցը, այսօր արժանացել է պատգամավորների լուրջ ընդվզման: Տարակուսանքը շատ պարզ էր՝ որն է շտապողականության պատճառը, եթե 10 օր հետո Հայաստանում ընտրություններ նախատեսված չեն: Թեեւ Աժ նախագահը խոստացավ հարցը կառավարության հետ քննարկել եւ փորձել լուծել, բայց օրակարգի հաստատումից 2 ժամ հետո նախագիծը դրվեց քննարկման: Հիմնական զեկուցող, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ էլեկտրոնային նախնական գրանցման համակարգի ներմուծելու հնարավորության հետ կապված տեխնիկական հարցեր առաջացան, որից հետո քաղաքական ուժերը եկան համաձայնության ներդնել ընտրական գործընթացի վերաբերյալ նոր գործիքներ։ Ընդդիմադիրների հետ ձեռքբերված համաձայնությունը, սակայն, հարցը հանգիստ քննարկելու գրավական չէր:

 

«Եկել է այն պահը, երբ հանրության վստահությունը ընտրական գործընթացի հանդեպ շատ ավելի կարեւոր է, քան՝ Վենետիկի հանձնաժողովի դրույթները»,- ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝  Աժ-ին ներկայացնելով այն փոփոխություններն ու լրացումները, որոնք առաջարկվում են նոր ԸՕ-ում։ Դրանց մի մասը, ի դեպ, Վենետիկի հանձնաժողովը չի ընդունում: Խոսքը՝ ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակման մասին է, փաստաթուղթը կհրապարակվի ԿԸՀ կայքում:

Հիշեցնենք, որ փոփոխությունների շուրջ քննարկումները վաղուց ընթանում էին, ընդդիմությունը պահանջում էր լրացուցիչ վերահսկողական մեխանիզմներ սահմանել եւ «4+4+4»  ձեւաչափով համաձայնությունն ի վերջո կայացավ՝  ստորագրված հուշագրով։ Փաստաթղթի քննարկումը սակայն կրկին հարթ չի ընթանում: Հանրապետական եւ Դաշնակցություն խմբակցություններից բացի մյուս խմբակցությունների անդամներն, ովքեր ըստ էության մասնակցել են միջանկյալ քննարկումներին, դեռ չպարզաբանված հարցեր ունեն:

«Օրինաց երկիր» խմբակցությունից պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ի վերջո հայտարարեց. «Այստեղ հերթական անգամ փորձում են լավ գործի անվան տակ վատ բան անել»:

Պատգամավորների դժգոհությունն ու զայրույթը առաջացրել են օրենքի այն խստացումները, որոնք վերաբերում են այլ անձանց փոխարեն քվեարկելու մասին

դիմումներ ներկայացնելուն: Պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Խաչատուր Քոքոբելյանը, ի թիվս այլ պատգամավորների, փորձում էին հիմնավորել եւ ապացուցել ներկայացված տարբերակի անընդունելի մոտեցումները:

Քոքոբելյան.Այս ինստիտուտը ներդնել նշանակում է ի սկզբանե ամեն ինչ անել, որ մարդը խուսափի բողոք ներկայացնի: Որեւէ մեկը չի կարող ստիպել մարդկանց` ասի, արդարադատության գրեթե բացակայության պայմաններում, բեր վստահի, բողոք գրի, հետո ինչ կլինի՝ կլինի: Եթե չլինի՝ 2-3 տարի դատվում եք: Խնդրում եմ այս հոդվածն ուղղակի հանեք:

Հարությունյան. Ձեր խնդրանքը բավարարել չեմ կարող, բայց կարող եմ փարատել մտահոգությունը , թե այդ անձը, որ հայտարարություն է ներկայացնում՝ ինչպես պետք է հետագայում ապացուցի: Ապացուցման բեռն իր ուսերին չէ: Գործադրելու ենք բոլոր սկզբունքները վարչական վարույթի: Ես ձեր խոսքը համարելու եմ հավաստի, քանի դեռ ինքս չեմ կարողացել  ապացուցել հակառակը: Սա լուրջ բեռ ենք վերցրել մեր ուսերին: Նման դեպքում, բնական է, որ ձեր վրա եւս պետք է որոշակի բեռ դրվի, որ դուք ներկայացնեք հավաստի տեղեկատվություն:

Տարաձայնությունների մյուս մասը կապված էր ընտրական գործընթացի տեսաձայնագրման հետ: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, չհրապարակելով Հայաստանում աշխատող ԵՄ որոշ գործընկերների անունները, հայտարարում է, թե տեղեկություն կա, որ Հայաստանը հրաժարվել է 3 միլիոն եվրո իր մասնաբաժնի հատկացումից: Հիշեցնենք, որ տեխնիկական համապատասխան միջոցների գնման համար ֆինանսավորումը որոշակի մասնաբաժիններով պետք է հատկացնեն Հայաստանի կառավարությունը, ԵՄ- ն եւ դոնոր կազմակերպությունները:

Եթե կողմերից մեկը հրաժարվի իր վճարումներից, արդյո՞ք ընդդիմություն-իշխանություն համաձայնեցված տարբերակը կտապալվի, Դավիթ Հարությունյանից հետաքրքրվում էր պատգամավորը:  «Կառավարությունը միակն է այս պահին, որը 100 տոկոսով կատարել է իր առջեւ դրված ֆինանսական պարտավորությունը: Որոշումն ընդունված է, ստորագրված է եւ գումարները փոխանցման փուլում են»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեռ չի շտապում կանխատեսումներ անել, բայց հավանական է համարում, որ ձեռքբերված այս պայմանավորվածությունն ի վերջո չի գործելու: Տեսանկարահանման եւ հեռարձակման հետ կապված կառավարության հայտարարած մրցույթին, եթե ոչ մի ընկերություն հայտ չներկայացնի, ինչ կլինի այդ պարագայում: Գործնական այս հարցով Դավիթ Հարությունյանից փորձեց պարզել հնարավոր զարգացումները: « Դա պետք է անի մասնագիտացված կազմակերպություն, որովհետեւ պետությունը տեսանկարահանող չէ: Պետությունը կամերաների ճիշտ անկյուն դնող չի, դրանք պետական գործառույթներ չեն: Պետությունը նման ծառայություն ընդամենը կարող է պատվիրել: Խորհրդային պետությունն էր, որ անում էր ամեն ինչ: Հիմա ժամանակները փոխվել են: Մենք ասել ենք՝ գնման իրավասությունը համատեղ հանձնաժողովինն է, որ կասկածներ չլինեն, որ արհեստական կոշտ պահանջներ են ներկայացված»։

Ընդդիմադիր պատգամավորների կասկածամտությունը նույնիսկ հասավ նրան, որ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարից էին փորձում պարզել քննարկվող հարցի նկատմամբ հանրապետական եւ դաշնակցական պատգամավորների անտարբերության պատճառները:

Back to top button