Վերլուծական

Կարող եք դուրս գալ ՀԱՊԿ- ից ու նոր ուղիներ փնտրել. ռուս քաղաքագետը՝ հայ գործընկերներին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման հարցի անտեսումը ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովի ընթացքում պայմանավորված էր ՀԱՊԿ անդամ երկրների  զգուշավորությամբ, որ  չլինի, թե  այդ նշանակմամբ դժգոհություններ կլինեն Ադրբեջանում՝ հայտարարեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ այսօր կայացած ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի նստաշրջանը Երեւանում. լուծված խնդիրնե՞ր, թե՞ նոր մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ։

Նա տեղեկացրեց, որ   Հայաստանում դժգոհություններ կան Ռուսաստանից Ադրբեջանին զենք վաճառելու համար, նաև այն բանի համար, որ, երբ ՀՀ անդամակցում էր ԵԱՏՄ-ին և երբ փաստեր էին ներկայացվում, թե դա ձեռնտու չէ Հայաստանին, ինչպես թվում է, ՀՀ իշխանություններն ասում էին, թե ԵԱՏՄ անդամակցությունը  ՀՀ անվտանգության ապահովմամբ է պայմանավորվում։ Սակայն ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքն այլ բան ցույց տվեց։ «Մոսկվայի կեցվածքը ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ դժգոհություն առաջացրեց։ Ադրբեջանական զենքով սպանում էին հայ զինվորներին ու քաղաքացիական անձանց»։

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի կարծիքով էլ՝ ՀԱՊԿ- ն որպես անվտանգության ապահովման համակարգ  Հայաստանի համար դադարել է գոյություն ունենալ ու Երևանյան գագաթաժողովն էլ ցույց տվեց, որ բացի Ռուսաստանից ոչ ոք չի կարող կյանքի կոչել անվտանգության իր նպատակները:

Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովն էլ հակադարձեց, թե  ղարաբաղյան խնդրին ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովի ընթացքում անդրադարձ եղել է: Նա հիշեցրեց նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, որ կազմակերպության անդամ երկրները սատարում են ղարաբաղյան  խնդրի խաղաղ կարգավորմանը: Իրավիճակի նոր էլեմենտը հետաքննության մեխանիզմների ներդրումն է, որը թույլ կտա պարզելու, թե որն է ռազմական գործողությունների նախաձեռնողը։ Դրանից հետո Ադրբեջանը հնարավորություն չի ունենա ասելու, թե իր գործողությունները պատասխան էին հայկական կողմի  ագրեսիվ գործողություններին՝ նշեց Կռիլովը:

Հայ քաղաքագետները նաև բուռն արձագանքեցին  ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի դրական դերակատարման մասին  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը։ Ի պատասխան՝ քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը պատասխանեց, որ եթե Թուրքան բացի  Հայաստանի հետ  սահմանը, եթե կարողանա որոշակի զսպող ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա, ապա դա բացարձակ վատ չի լինի ու կնպաստի  իրավիճակի կարգավորմանը: Նա հստակեցրեց նաև՝ ոչ ոք չի ասում, թե Թուրքիան ՄԽ-ում կընդգրկվի։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման հարցի ձգձգման, ապա այստեղ, ըստ ռուսաստանցի փորձագետի,այդ պաշտոնը երեք տարին մեկ պետք է փոխվի, բայց չկա նաև արգելք, որ նույն մարդը շարունակի պաշտոնավարել: Իսկ Հայաստանը պաշտոնապես  որևէ մեկի անունը չի հայտարարել և տպավորություն է, որ եթե Հայաստանն իսկապես ուզենար, որ իր ներկայացուցիչը զբաղեցնի գլխավոր քարտուղարի պաշտոնը, ապա  դա  կհամաձայնեցներ անդամ մյուս երկրների հետ:

Նրա կարծիքով՝ հայկական կողմն անհրաժեշտ աշխատանք չի արել այդ ուղղությամբ: Դա շատ զգայուն պաշտոն է, այդ պաշտոնը զբաղեցնողը պետք է նաև դիվանագետ լինի:

Անսպասելի էր ապրիլյան պատերազմը, ռուսական ռազմական փոխադրումները ուր որ է պետք է հասնեին, սակայն ժամանակային համակարգման սխալ է տեղի ունեցել:  Այստեղ կա ռուսական կողմի մեղավորությունը կա և ռուսական կողմից եզրակացություններ կարվեն, սակայն հայկական կողմից էլ անհետևողականություն է եղել՝ ասաց Կռիլովը՝ շարունակելով՝ պետք է գործընկերների  մոտ հարց բարձրացվեր, որպեսզի  ռազմական բալանսը պահպանվի։ Հայաստանը դա չի արել՝ ասաց:

Ռուս քաղաքագետը չհամաձայնեց հայ գործընկերների քննադատություններին, թե ՀԱՊԿ կառույցը որպես անվտանգության համակարգ հուսալի չէ: Փոփոխվող աշխարհում շատ կարևոր է ունենալ հուսալի գործընկերներ, գործընկերներին մենք ենք ընտրում ու եթե ՀՀ-ին այդքան ձեռնտու չէ ՀԱՊԿ- ն՝ կարող է դուրս գալ ու նոր ուղիներ փնտրել՝ ասաց ռուս փորձագետը:

Back to top button