Հասարակություն

Ճակատարգրեր. երբ «skype»-ը փոխարինում է ընտանիքի անդամին

arminegevorgyan

13- ամյա Դավիթն ամբողջ ուժով գոռում ու կանչում էր մայրիկին: Տեսազանգով հայրն էր զանգահարել ՌԴ Յակուտիա քաղաքից:

Տիկին Ալվինան արագ –արագ շտապում է դեպի համակարգիչն ու նույն պահին ասում, որ այս սարքը դարձել է մեր տան անդամը: Եվ հենց այդ սարքի միջոցով էլ լուծվում ընտանեկան մեր բոլոր հարցերը:

Ալվինայի բջջային հեռախոսի էկրանին ամուսնու նկարն է: Արդեն տևական ժամանակ է Ալվինայի ու Տիգրանի շփումը վիրտուալ տիրույթում է: Ալվինան ասում է, որ երբ ամուսնացան, ամուսնու առաջ պայման դրեց, հանկարծ խոպանչի չդառնա: Ամուսինը համաձայնվել էր, քանի որ այդ պահին աշխատանք ուներ, բայց փոքր որդու ծնունդից հետո Տիգրանը ևս համալրել է խոպանչիների շարքը:

Ալվինան ապրում է ամուսնու ծնողների հետ Կոտայքի մարզի Սարալանջ գյուղում: Երեխաների դաստիարակության, ընտանեկան ամբողջ հոգսն իր ուսերին է: Ասում է, որ հատկապես տղաների դաստիարակության հարցում շատ է դժվարանում: Նրանք հիմա հասունացման տարիքում են ու այս պահին հոր խոսքը շատ կարևոր է: Իսկ տղաները հոր խոսքը լսում են սկայպի միջոցով:

Ալվինայի ճակատագիրը մեկն է այն հայ կանանց ճակատագրերից, որոնց ամուսինները օրվա ապրուստը վաստակում են օտար ափերում: Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի բնակչուհի տիկին Գեղեցիկն ասում է, որ հինգ տարի շարունակ ամուսինը եղել է ՌԴ-ում:

«Երբ հայրը գնաց խոպան, աղջիկս այդ ժամանակ 13 տարեկան էր: Հինգ տարի հետո, երբ, մտավ տուն չճանաչեց  աղջկաս ,ու ավելի մեծ սթրես ապրեց, երբ մի քանի օր անց հարևան գյուղից մի տղա ծնողների հետ եկավ մեր տուն՝ խնամախոս»,- պատմում է տիկին Գեղեցիկ:

Վերջին տարիներին, սակայն, պատկերը մի փոքր այլ է: Եթե նախկինում արտագնա աշխատանքի մեկնում էին տղամարդիկ, ապա այժմ նրանց շարքերը համալրում են նաև կանայք: Շիրակի մարզի Ազատան համայնքի բնակչուհի Գայանեն արդեն երեք տարի մեկնում է ՌԴ-ն, այնտեղ աշխատում է հացի արտադրամասում:

Զրուցակիցներս նշում էին, որ ռուբլու արժեզրկումը բացասական հետևանքներ ունեցավ իրենց համար: Այժմ դրսից ուղարկված գումարը չի բավարարում նվազագույն պայմանները հոգալուն: Ու այս պարագայում էլ արդեն չգիտեն գնալն է ձեռնտու, թե մնալը: «Վերադարձ եւ պաշտպանություն» սոցիալ-իրավական ՀԿ ղեկավար Տաթևիկ Բեժանյանը «Ռադիլուր»-ի հետ զրույցում նշում է, որ ռուբլու արժեզրկումը կբերի նրան, որ մարդիկ կսկսեն ընտանիքներով հեռանալ:

Նշենք,  որ Հայաստանում միգրացիոն հստակ վիճակագրություն գոյություն չունի, ու եթե խոսում ենք միգրացիոն տեղաշարժերի մասին, ապա այդ հաշվարկը կատարում են սահմանը հատվածների թվով: Իսկ այս պարագայում 2015թ — 2014 թ-ի համեմատ 2000 մարդ ավել է հատել սահմանը:

Back to top button