Վերլուծական

Այդ օրենքին դեռ մի հավատա. փորձագետները ֆրանսիական Սենատում քվեարկության մասին

lenabadeyan

Արդարության վերականգնո՞ւմ, թե՞ «մահակի» քաղաքականության կիրառում. ի՞նչ նպատակ է հետապնդում Ֆրանսիայի Սենատը՝ ընդունելով նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը։ «Ռադիոլուրի» զրուցակիցները բացահայտել են քայլի իրական շարժառիթները եւ իրական ակնկալիքները: Մասնագետները խորհուրդ են տվել առայժմ «չափից շատ չոգեւորվել», քանի որ իրավիճակը դեռ կարող է փոխվել:  

 

Հինգերորդը կարող է դառնալ Ֆրանսիան Շվեյցարիայից, Սլովակիայից, Հունաստանից եւ Կիպրոսից հետո: Սրանք այն երկրներն են, որտեղ օրենքով պատիժ է սահմանված Հայոց ցեղասպանության ժխտման համար: Ֆրանսիան դեռ որոշում կայացնելու կես ճանապարհին է: Թեեւ երեկ Սենատը 156 կողմ եւ 146 դեմ քվեներով ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, բայց վերջնական ուժ ստանալու համար այն դեռ պետք է ստորագրի երկրի նախագահն ու փաստաթուղթը պետք է ուժի մեջ մտնի: Այս դեպքում թյուր կարծիք կա, որ օրինագիծը վերաբերում է բացառապես Հայոց ցեղասպանությանը: Ի՞նչ է իրենից ներկայացնում փաստաթուղթը եւ կիրառվելու դեպքում ի՞նչ պատիժ է ենթադրում՝ ներկայացնում է  ԳԱԱ հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը:

«Հիմա ոչ միայն հրեաների Հոլոքոստի հետ են հավասարության նշան դնում, այլ նաեւ Ռուանդայի, Սրեբրենիցայի, մյուս ցեղասպանությունների հետ է հավասարության նշան դրվում եւ մեր ցեղասպանությանը վերաբերում են օրինագծի կամ օրենքի 37-38 հոդվածները միայն: Այսինքն՝ սա մեծ օրենք է, որով առհասարակ բոլոր ցեղասպանությունները եւ պատերազմական հանցագործությունները ժխտելու համար նախատեսված է քրեական պատիժ՝ մեկ տարի ազատազրկում կամ 45 հազար եվրոյի չափով տուգանք»:

Ֆրանսիայի Սենատի երեկվա քայլից դեռ պետք չէ շատ ոգեւորվել՝ հորդորում է  ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Սա Սենատի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու երրորդ փորձն է։ Նախորդ անգամ էլ էր փաստաթուղթն ընդունվել, բայց ՍԴ-ը կասեցրել էր օրենքի գործողությունը: Անհրաժեշտ է սպասել ՍԴ հերթական որոշմանը՝ ասում է թուրքագետը՝ հստակեցնելով՝ այս հարցում հաջողությունները Ֆրանսիայում չպետք է դիտարկել բացառապես հայ-ֆրանսիական համագործակցության կամ Ֆրանսիայում հայ համայնքի հաջող աշխատանքի տեսանկյունից: Այստեղ առավելապես մեծ դեր են խաղում Թուրքիա-Եվրոպա, Թուրքիա-Արեւմուտք եւ Թուրքիա-Ֆրանսիա վերջին շրջանի սառը  հարաբերությունները:

Արդարության վերականգնումը չէ, որ այս պահին ստիպում է Արեւմուտքին գնալ նախագծի ընդունմանը: Ակադեմիայի  Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը նույնպես պնդում է՝ Հայոց ցեղասպանության փաստը քաղաքական «մանրադրամ» է դարձել եւ իբրեւ մահակ օգտագործվում է Թուրքիայի դեմ: Թուրքիան ինքն է խնդիրը հասցրել «մահակային» իրավիճակին՝ տապալելով ԵՄ հետ միգրանտների հարցով համաձայնությունները, Սիրիայում իր ակտիվացմամբ, ահաբեկչական կոնկրետ կառույցների հետ համագործակցությամբ, ԵՄ եւ այլ տարածքներում իր անթաքույց հավակնություններով՝ ասում է Մարուքյանը:

Ի դեպ, Մարուքյանը համոզված է՝ հեռու չէ այն պահը, երբ կրկին խնդիրներ կառաջանան Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ՝ դա իրեն հուշում են սիրիական զարգացումները: Եթե դեպքերը գնան այդ հունով, ասում է, որ այս անգամ Հայաստանը չպետք է բաց թողնի պահը եւ վերականգնի այն հնարավորությունը, որն ուներ անցյալ տարի, երբ ռուս-թուրքական հարաբերությունների լարման ժամանակ Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացնող նախագիծը մտել էր նաեւ Ռուսաստանի օրենսդիր մարմնի օրակարգ:

Back to top button