ԿարևորՔաղաքական

ՀԱՊԿ գագաթաժողովն ընդունեց հիմնական հայտարարությունը եւ գլխ. քարտուղարի հարցը հանեց օրակարգից (լրացված)

վերջին լրացումը ժամը 19։53- ին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը հանված է ՀԱՊԿ երեւանյան գագաթաժողովի օրակարգից՝ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա նշել է, որ հարցը կքննարկվի տարեվերջին՝ Ռուսաստանում՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Երեւանում այսօր տեղի է ունենում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի նախագահներն ու Ղազախստանի վարչապետը։

Հայաստանի նախագահը նաեւ հայտարարել է, որ գագաթաժողովի արդյունքում ընդունվել է միջազգային մարտահրավերներին եւ սպառնալիքներին վերաբերող հայտարարություն։

«Հանդիպման արդյունքում ընդունվել է հայտարարություն, որն արտացոլում է միջազգային հիմնական հրատապ խնդիրների նկատմամբ մեր մոտեցումները, տրվել են ներկա իրավիճակին վերաբերող գնահատականներ՝ հաշվի առնելով նոր սպառնալիքներն ու մարտահրավերները»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ պետությունների ղեկավարները հաստատել են, որ ՀԱՊ- ը «խաղաղության, կայունության, անվտանգության ապահովման, անդամ երկրների անկախության եւ ինքնիշխանության ապահովման կարեւորագույն փաստաթուղթ է»։

ՀԱՊԿ առաջնորդները երեւանյան հանդիպմանը նաեւ ստորագրել են ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակը։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը նաեւ Երեւանում ընդունել է կազմակերպության գործունեության մինչեւ 2025 թվականի ռազմավարությունը։

«Ընդունվել են մի շարք լուրջ փաստաթղթեր եւ որոշումներ՝ կազմակերպության ներուժի էական ամրապնդման, հավաքական անվտանգության մեխանիզմների եւ նրա աշխատանքային մարմինների կատարելագործման ուղղությամբ։ Նստաշրջանի գլխավոր արդյունքներից է ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության ընդունումը։ Փաստաթղթի ավելի քան 5 տարի տեւած մշակումն ավարտված է»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ «ՀԱՊԿ երեւանյան ռազմավարությունը ամրագրում է կազմակերպության առաջնահերթությունները մինչեւ 2025 թվականը, ամրապնդում է հետագա զարգացման ուղենիշները համագործակցության բոլոր ուղղություններով»։

«Անդամ երկրները կրկին հաստատել են իրենց վճռականությունը միջազգային հանրության անդամների հետ իրենց հարաբերությունները կառուցել հավասարության, անվտանգության անքակտելիության վրա, միջազգային հարաբերություններում ձեռնպահ մնալ ուժի սպառնալիքից եւ ծագած խնդիրների լուծման համար առաջնահերթությունը տալ քաղաքա- դիվանագիտական միջոցներին»,- ասել է Հայաստանի նախագահը։

ՀԱՊԿ- ն նաեւ կստեղծի սեփական ճգնաժամային կենտրոնը։ «ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման որոշում է ընդունվել, որի վրա դրվելու են հիմնադիր մարմինների համապատասխան որոշումների տեղեկատվա- վերլուծական եւ կազմակերպա- տեխնիկական աջակցության, ինչպես նաեւ իրական ժամանակում տեղեկատվության փոխանակման գործառույթներ»։

ՀԱՊԿ անդամ- երկրների ղեկավարները նաեւ զինվորական կադրերի համատեղ պատրաստման եւ ռազմական տեխնիկայի ստանտարդացման համապատասխան փաստաթուղթն են ընդունել։

 

 

Back to top button