ԿարևորՏնտեսական

Ունենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացման աննախադեպ մեծ ներուժ. Կարեն Կարապետյան

hasmikdilanyan
«Այս տարվա յոթ ամիսում արտահանումը  ՀՀ-ից  դեպի  ԵԱՏՄ  երկրներ  70 տոկոսով ավելացել է։ Սա այն դեպքում,  երբ ԵԱՏՄ-ում ընդհանուր առեւտրաշրջանառությունը ցավոք սրտի, շարունակում է նվազել»,- այսօր ասել է  Եվրասիական տնտեսական հարցերով խորհրդի անդամ նախարար Տատյանա  Վոլովայան։ Նա մասնակցում է երեկվանից մեկնարկած հայ- ռուսական միջտարածաշրջանային  հինգերորդ և Եվրասիական գործընկերության  առաջին համաժողովներին:  Այսօր  համաժողովների մասնակիցներին իրենց ուղերձներն են հղել Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները:  Հայաստանի նախագահի ուղերձը փոխանցել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, իսկ ՌԴ  նախագահինը՝ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: Համաժողովին նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն է ներկա գտնվել:

 

Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց անցել է ավելի քան 1,5 տարի: Այս ընթացքում  անդամ երկրների տնտեսությունների համար, մեղմ ասած, լավ ժամանակներ չէին: Անդամակցությունը համընկավ ՌԴ նկատմամբ պատժամիջոցների կիրառման ու ռուսական ռուբլու անկման հետ:  Պարզվում է, սակայն՝  ի տարբերություն ԵԱՏՄ անդամ այլ երկրների, մեր երկրից  անդամ երկրներ արտահանման ծավալներն ավելացել են այս տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում:  Հայտարարության հեղինակը Եվրասիական տնտեսական հարցերով  խորհրդի անդամ նախարար   Տատյանա  Վոլովայան է: Նա նաև ընդգծում է՝   ԵԱՏՄ-անդամ երկրներում ընդհանուր առեւտրաշրջանառությունը   շարունակում է նվազել:

«Հատկանշական է, որ արտահանման ծավալների ավելացումը  պայմանավորված է գյուղատնտեսության աճով: Բոլոր ցուցանիշերով ավանդական ապրանքներ, թե նոր տեսակներ կլինեն, աճը տեսանելի է: Սա ցույց է տալիս, որ բիզնեսի սպասումներն իրականանում են»:

ԵԱՏՀ  ներկայացուցիչը նաև  ապրանքների տեղաշարժի արգելքների մասին չի մոռանում ընդգծել, վստահեցնում է՝   հետեւողականորեն  աշխատում են դրանց վերացման ուղղությամբ: Նաև նկատում է՝ «միայն ապրանքների արտահանումը չէ, որ կարեւոր է ԵԱՏՄ ինտեգրման գործընթացում,  գիտենք, որ հայկական բիզնեսն իր հույսերը կապում է նաեւ այլ ինտեգրացիոն կառույցների հետ»:

Եվրասիական տնտեսական միության դրական կողմերից է նաև խոսում ԵՏՀ խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:   Մինչ Վոլովայան բիզնեսի խոչընդոտներին է անդրադառնում, Տիգրան Սարգսյանն ընդգծում է՝   ինտեգրացիայի շնորհիվ բիզնեսն ստանում է գործունեության լայն հնարավորություն ու կարող է աշխատել ինչպես իր տանը: Մինչև տարեվերջ կստորագրվի միասնական մաքսային օրենսգիրքը՝ ամեն ինչ արվում է, որ փաստաթուղթը ստորագրվի դեկտեմբերին՝ միության անդամ երկրների  նախագահների հանդիպմանն ընդառաջ՝ խոստացավ  Տիգրան Սարգսյանը՝ ընդգծելով՝  փաստաթուղթը   կհեշտացնի մաքսային կանոնակարգերը, բիզնեսի համար բարենպաստ միջավայր  կստեղծվի:

Տիգրան Սարգսյանի փոխանցմամբ՝ «Աշխատանք է տարվում  Եվրասիական տնտեսական միության ու Մետաքսի ճանապարհի վերականգնման ուղղությամբ: Առևտրատնտեսական համաձայնություններ են մշակվում Հնդկաստանի, Իրանի,  Իսրայելի, Եգիպտոսի, Կամբոջայի, Սինգապուրի և այլ պետությունների հետ, իսկ Վիետնամի հետ արդեն ստորագրվել է դյուրացված համագործակցության փաստաթուղթ»:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ուրախ է համաժողովի մասնակիցներին հյուրընկալել  աշխարհի ամենահին քաղաքներից մեկում՝ Երևանում: Վարչապետը խոսեց նաեւ հյուրերին հայ ժողովրդի բնավորության, իր բնորոշմամբ, ամենատարբերվող գծի՝ հյուրասիրության մասին։ Կարևորելով համաժողովի անցկացումը՝ նշեց. «Հարթակն արդյունավետ է, երբ հանդիպում  են գործընկերները, մարդիկ, ովքեր միանման են մտածում՝ օպտիմալ լուծման հասնելու, փորձի փոխանակման, բիզնեսի զարգացման պայմաններ ստեղծելու համար:  Չնայած հայ-ռուսական բարձր մակարդակի հարաբերություններին՝ միջազգային ինտեգրացիոն գործընթացները, որոնք տեղի են ունենում Եվրասիական գործընկերությունում, կարող է միայն օգնել այդ ամենին»:

Սերժ Սարգսյանի ուղերձը փոխանցեց  ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը: Նա նշեց, որ «2011 թվականին մեր երկրները Երեւանում նախաձեռնեցին հայ-ռուսական տարածաշրջանային առաջին համաժողովը, որն այս տարիներին ապացուցեց, որ պահանջված է: Այն նպաստեց մեր տարածաշրջանների ներուժի բացահայտմանը, ինչպես նաեւ ամուր հիմքեր դրեց մեր միջտարածաշրջանային համագործակցության  համար:  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձն էլ  ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը փոխանցեց՝ ընդգծելով, որ հայ-ռուսական հարաբերությունները պատմական հիմք ունեն:

«Ակնկալում եմ, որ այս ընթացքում բաց եւ կառուցողական քննարկումների շրջանակում արված առաջարկությունները  կծառայեն հայ-ռուսական երկխոսության կատարելագործմանը, գործնական միջավայրի բարելավմանը եւ ողջ Եվրասիական տիրույթում փոխգործակցության ամրապնդմանը»,- նշված է ՌԴ նախագահի ուղերձում:

Կարդացեք նաև
Close
Back to top button