ԿարևորՔաղաքական

ՀԱՊԿ երեւանյան գագաթաժողովում կընդունվի Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված հայտարարություն

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի երեւանյան նստաշրջանում կընդունվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված առանձին հայտարարություն՝ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Կլինի առանձին հայտարարություն ԼՂ հակամարտության վերաբերյալ, հայտարարություն՝ միջազգային անվտանգության եւ կայունության վրա հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգերի միակողմանի տեղակայման ազդեցության մասին»,- Ուշակովը խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։

ՌԴ նախագահի օգնականը նաեւ նշել է, որ Երեւանում վաղը կայանալիք նստաշրջանում կքննարկվի նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը։ «Գործնականորեն հարցը պետք է որոշվի այդ նիստի ընթացքում։ Դա շատ կարեւոր հարց է, շատ զգացմունքային եւ նրբանկատ։ Առաջնորդները պետք է քննարկեն այս հարցը փակ նիստի ընթացքում»,- ասել է նա։

Ուշակովը հիշեցրել է, որ ավելի վաղ որոշման համաձայն՝ գլխավոր քարտուղարը նշանակվելու է երեք տարին մեկ ռուսական այբուբենին համապատասխան ռոտացիոն կարգով։ «Այսինքն՝ երկրները կարող են հավակնել այս պաշտոնին՝  սկսած, ակնհայտ է, Հայաստանից։ Սակայն դա պետք է հատուկ քննարկվի փակ մասում»։

Երեւանյան նիստում կքննարկվի նաեւ միջազգային ահաբեկչության հակազդման լրացուցիչ միջոցառումների հարցը։ Այն քննարկվելու է լիագումար նիստում։

Back to top button