Քաղաքական

Ստորագրվել է հայ- ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը կարգավորող լրացուցիչ արձանագրություն

Հոկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու հեռանկարները:

Ալեքսանդր Ֆոմինը, մասնավորապես, նշել է ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու լայն հնարավորությունների և դրանք կյանքի կոչելու պատրաստականության մասին և այս առումով կարևորել է Հայաստանում սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք» միջազգային ցուցահանդեսի անցկացումը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր հերթին ընդգծել է վերջին տարիներին Հայաստանում կուտակված զգալի գիտակրթական ներուժի, տնտեսապես շահավետ նոր մշակումների մասին, որոնք ոչ միայն պաշտպանության ոլորտում օգտագործելու, այլև միջազգային շուկաներ դուրս գալու հեռանկարներ ունեն:

Կողմերը քննարկել են նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները և գոհունակություն հայտնել դրանց կատարման ընթացքի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Վլադիմիր Դրոժժովը ստորագրել են ռազմատեխնիկական համագործակցությունը կարգավորող Լրացուցիչ Արձանագրություն:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի իրականացման կարգի մասին Համաձայնագիրը:

Back to top button