Մշակույթ

Նրանք Եվրոպայում պատմեցին «շատ կարեւոր պատմություն Հայաստանի մասին»

alisagevorgyan

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը կայացել է «Հայաստանի փոքրիկ երգիչների» «Անկախության սերունդ» խորագիրը կրող եվրոպական համերգային շրջագայությունը: Ինը համերգ եվրոպական ինը քաղաքներում: Եվրոպական հանդիսատեսը կրկին հիացած է հայ փոքրիկ երգիչներով: Երգչախմբի հերթական հաջողություններն այսօր ամփոփվել են Խնկո Ապոր անվան գրադարանում հրավիրված ասուլիսում: 

 

«Նման մաքրագույն ու գեղեցիկ կատարում երբևէ չէի լսել: Դուք ստիպեցիք ինձ առնվազն 50 րոպե արտասվել». Մարտին Օլսեն՝ «Միդվեսթ» երգչախմբի տնօրեն։

«Շնորհակալ ենք այս հիանալի համերգի համար: Դա միայն երաժշտություն չէր, այս երեկո դուք պատմեցիք մեզ մի երկար ու շատ կարևոր պատմություն Հայաստանի մասին». Փիթեր Արենդտ՝ խմբավար, երգեհոնահար

Այսպիսի գնահատականներ «Հայաստանի փոքրիկ երգիչները» լսել են Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված «Անկախության սերունդ» խորագիրը կրող եվրոպական համերգային շրջագայության ողջ ընթացքում՝ հանդես գալով  եվրոպական ինը քաղաքներում, ինը համերգ՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ համերգասրահից մինչև Բրյուսելի Մայր տաճար:

Հայ երեխաների զուլալ ու կարկաչուն ձայները կրկին գերել են եվրոպացի հանդիսատեսին:

«Հայաստանի փոքրիկ երգիչները» վաղուց մեր երկրի այցեքարտն են արտասահմանում»,- ասում է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, իսկ մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Սվետլանա Սահակյանը հավելում է. «Սա անկախության այն սերունդն է, որն արժանապատվորեն ներկայացնում է մեր երկիրը: «Հայաստանի փոքրիկ երգիչների» ընտրությունն ամենևին պատահականություն չէր»։

«Հայ փոքրիկ երգիչների հաղթանակը ոչ միայն մշակութային է, այլև  քաղաքական»,- մաեստրո Հեքեքյանը խորհրդանշական է համարում այն փաստը, որ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված հոբելյանը ներկայացնում է Հայաստանի անկախության սերունդը՝ ի դեմս փոքրիկ երգիչների։

Back to top button