Հասարակություն

Մեկ ամսվա ընթացքում կհստակեցվի էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազման հարցը

hasmikdilanyan
Սոցիալապես անապահով խավի համար էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազեցման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են և մեկ ամսվա ընթացքում կլինեն հստակեցված մոտեցումներ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Լրագրողները նախարարից հետաքրքրվել են, թե սոցիալապես անապահով քանի ընտանիք կարող է օգտվել էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազեցումից:

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան. «Որպես սոցիալական անապահովներ հանրապետությունում հաշվառված է 130 հազարից ավելի մարդ: Այդ աշխատանքները շարունակվում են, առաջիկա մեկ ամսվա ընթացքում կունենանք հստակեցված մոտեցումներ, և կառավարությունն այդ հարցին անդրադարձ կկատարի»,-  ասաց նախարարը:

Հարցին՝ սակագները որքան կնվազեն, նախարարն ասաց, որ այդ հարցն այս պահին պատասխան ունենալ  չի կարող:

Հիշեցնենք,  Կառավարության սեպտեմբերի 15-ի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի ու բնական պաշարների, Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններին հանձնարարել էր համատեղ քննարկել ու առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին:

«Պետք է սոցիալապես անապահով խավերի համար սակագինը մաքսիմալ նվազեցնել` ի հաշիվ այլ սպառողների: Անհրաժեշտ է ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի համար, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար»,-ասել էր Կարապետյանը:

Back to top button