ԿարևորՀասարակություն

Մեկնարկել է «ArmHiTec-2016» միջազգային ցուցահանդեսը

karenghazaryan
Հայաստանի Հանրապետության և այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմարդյունաբերության նորարարական մշակումները` «ArmHiTec-2016» միջազգային ցուցահանդեսում: Ցուցահանդեսն այսօր է մեկնարկել: Հայաստանում նմանօրինակ ցուցահանդես կազմակերպվում է առաջին անգամ:  Ազգային պաշտպանության եւ ազգային անվտանգությանը նվիրված ցուցահանդեսի մասնակիցներին ողջունելով՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ այն միտված է պաշտպանության ոլորտում հայրենական գիտատեխնիկական արդի ձեռքբերումներն օգտագործելուն, ներդրումները խթանելուն եւ միջազգային կապերի ընդլայնմանը:

Սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես «ArmHiTec-2016»-ի թեմատիկ ցանկը բավականին ընդգրկուն է: Նորարար մշակումներն առանցքային են: Մինչեւ հոկտեմբերի 15-ն այստեղ կներկայացվեն սպառազինությունների և ռազմական տեխնիկայի գործնականում կիրառվող ողջ տեսականին, նորարարական տեխնոլոգիաների և բարձր ճշգրտության զենքի մշակումները. մարտի կառավարման համակարգեր, անօդաչու ավիացիա, թռչող ապարատներ և համակարգեր: Կարճ խոսքով՝ «Ապագայի զինվորի» սպառազինություն, տեխնոլոգիաներ, հանդերձանք: Հայրենական մտահղացումների եւ մշակումների պակաս էլ այստեղ չկա: «Արագած» ընկերության տնօրեն Հովհաննես Ղարիբյանտ ներկայացրեց իրենց մշակումներից մեկ-երկուսը: Օրինակ՝ հակատանկային Ֆագոտը՝ ջերմատեսիլային նշաննոցով:

Անօդաչու թռչող սարքեր ու անօդաչու 3 տիպի ինքնաթիռ – մշակվել, պատրաստվել եւ շահագործվում են մեր երկրի Ռազմական ավիացիոն համալսրանի կողմից: Դրանք մրցունակ են միջազգային շուկայում եւ չեն զիջում համանման արտադրանքներին՝ վստահեցրեց ռազմաավիացիոն համալսարանի պետ Դանիել Բալայանը:

«ArmHiTec»-ն ունի բոլոր նախադրյալները՝ հեղինակավոր հարթակի վերածվելու եւ  ոլորտի զարգացումը խթանելու համար: Հայաստանն ունի բավարար ներուժ՝ պաշտպանության ոլորտում նորագույն մշակումները կիրառելու եւ ներդրումային բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Այս մասին իր ողջույնի խոսքում շեշտեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Հայաստանի ռազմարդյունաբերությունն ունի համապատասխան մասշտաբով նորարարություն եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում տնտեսության խթանիչ դառնալու բոլոր հնարավորությունները: Այս համատեքստում բոլոր տեղական արտադրողներին, գիտական ոլորտի ներկայացուցիչներին հայրենական եւ միջազգային բոլոր բուհերի առաջատար ուսանողներին կոչ եմ անում ջանք եւ եռանդ չխնայել, ազգ-բանակ տիրույթում իրենց ներգրավվածության շրջանակներն ուրվագծելու համար: Բոլորին արդյունավետ աշխատանք եմ մաղթում: Առա՛  ջ դեպի հաղթանակներ»:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը լիահույս է, որ ցուցահանդեսը կնպաստի նաեւ միջազգային ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմանը եւ մասնակից պետությունների ռազմարդյունաբերության ներուժի զարգացմանը:

ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների անունից ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նշեց, որ կազմակերպության շրջանակներում տարվող գործողությունները նպատակ ունեն ապահովելու անդամ պետությունների անվտանգությունը:

«Անշուշտ, հիմնական ջանքերն ուղղված են անվտանգությունը քաղաքական միջոցներով ապահովելուն՝ օգտագործելով քաղաքական ողջ ներուժը, որը գոյություն ունի մեր երկրներում: Սակայն, իրադարձությունների զարգացման տրամաբանությունը, միտումները խոսում են միայն մեկ բանի մասին՝ կազմակերպության ուժային պոտենցիալի ամրապնդման անհրաժեշտության»:

Այդ պատճառով է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները սերտորեն համագործակցում են: ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված են բազաներ՝ հավելեց Նիկոլայ Բորդյուժան՝ շեշտելով, որ այդ ամենն արվում է, որպեսզի ապահովվի մեր պետությունների սուվերենությունն ու ամբողջականությունը:

Այդ ուժերի արդյունավետ աշխատանքի համար, նրանք պետք է ապահովված լինեն ժամանակակից սպառազինությամբ, որպեսզի դիմակայեն ցանկացած մարտահրավերի, սպառնալիքի՝ ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

«Այս տեխնիկան պետք է օպերատիվ համակցվի, որպեսզի համատեղ ռազմական գործողություններում զինծառայողները չդժվարանան: Հենց դրա համար ՀԱՊԿ խորհուրդն ամեն ինչ անում է անդամ պետությունների միջև ռազմաքաղաքական, ռազմատնտեսական համագործակցության ապահովման համար»:

Այս ցուցահանդեսն էլ, Նիկոլայ Բորդյուժայի խոսքով, վկայում է այն մասին, թե որքան սերտ ռազմատեխնիկական համագործակցություն կա պետությունների միջև եւ որքան հեռանկար՝ նոր տիպի զինտեխնիկայի, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, մշակումների կամ սպառազինության վերանորոգման համար:

Այս ցուցահանդեսն առաջինն է Հայաստանում, ու ես հույս ունեմ, որ այն կլինի նոր թրենդ ՀՀ համար՝  իր խոսքը եզրափակեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նշենք նաեւ, որ «ArmHiTec-2016» միջազգային ցուցահանդեսի շրջանակում կլինեն նաեւ գործարար ծրագրեր, կանցկացվեն անվտանգային ոլորտի առաջատար փորձագետների հետ հանդիպումներ ու քննարկումներ:

 

Back to top button