Հասարակություն

Սահմանամերձ Չորաթանը ձեռնոցների իր արտադրամասով ու անանցանելի ճանապարհներով

arminegevorgyan

Գյուղացուն հատկապես սահմանամերձ համայնքում բնակվողներին իրենց  հողին ամուր պահելու համար հույզերից ու զգացմունքներից զատ աշխատատեղ   է հարկավոր: Տավուշի մարզի Չորաթան համայնքում բացված ձեռնոցների գործարանը  մի նոր լույսի շող էր չորաթանցիների համար: «Ռադիոլուր» Չորաթան համայնքում, ականատես եղել  գործարանի աշխատանքին:  Ականատես  է եղել նաև քարուքանդ եղած  ու  գրեթե անանցանելի ճանապարհներին: 

 

Հայաստանի հյուսիսային սահմանում ենք՝ Տավուշի մարզի Չորաթան գյուղում: Երևանից 223 կմ հեռավորության վրա գտնվող այս գյուղը սահմանակից է  Ադրբեջանին: Այն հիմնվել է 1750 թվականին՝ Արցախից այստեղ տեղափոխված 12 ընտանիքի շնորհիվ: Գյուղում 320 ընտանիք է ապրում՝ 1050 բնակչով: Չորաթանն  ունի հրաշալի բնություն, սակայն այդ գեղեցկությունը խամրում է՝ մինչեւ հասնում ես այստեղ։ Գյուղ հասնելու համար պետք է ունենաս ամուր նյարդեր՝ քարուքանդ ճանապարհներով երթևեկելու համար:

Մեր այցելության պահին  հորդառատ անձրևից հետո գյուղի ճանապարհները գրեթե անանցանելի էին: Այս պատկերը գյուղացիների համար սովորական է: Նրանց համար սովորական են դարձել նաև հարևան Ադրբեջանից հնչող կրակոցները։ Գյուղի մշակովի հողատարածքների հիմնական մասը թշնամու նշանառության տակ են, գտնվում են չեզոք գոտում, հետևաբար գյուղացիների մեծամասնությունն իրենց օրվա ապրուստը հիմնականում վաստակում են արտագնա աշխատանքի շնորհիվ

Սակայն մեկ տարի առաջ գյուղում բացված ձեռնոցների գործարանը մի նոր անսպասելի հնարավորություն էր  չորաթանցիների համար: 2015թ. փետրվարի 16-ին Չորաթան համայնքում ռուսաստանաբնակ գործարար Սուրեն Երիցյանը հիմնադրեց <<Տավուշ տեքստիլ>> ՍՊԸ-ն: Նախատեսվեց արտադրել բանվորական ձեռնոցներ, որոնք կարտահանվեն հիմնականում ռուսաստանյան շուկա: Գործարանի հիմնադիրը, ով ծնունդով տավուշցի է, ավելի քան 20 տարի ռուսաստանյան շուկային բանվորական ձեռնոցներ է մատակարարել: Քաջատեղյակ լինելով այս շուկայի առանձնահատկություններին՝ որոշել էր գործունեությունը ծավալել նաև Հայաստանում,՝ ավելի ստույգ  ծննդավայրում։ Լավ գիտակցելով, որ գյուղացուն իր հողին ամուր պահելու համար հույզերից ու զգացմունքներից զատ աշխատատեղ  է պետք, մեկ պայման դրեց՝ արտադրամասերը պետք է լինեն միայն սահմանամերձ բնակավայրերում:

Արտադրություն հիմնելու նպատակով Չորաթան համայնքում ձեռք բերվեցին երկու կիսակառույց խարխուլ անասնագոմեր: Ներկայում վերակառուցված մեկ հարկանի արտադրամասի ընդհանուր մակերեսը 2000 քմ է: Այս պահի դրությամբ էլ արտադրամասը աշխատում է երեք հերթափոխով, ունի մոտ 120 աշխատող, 120-ից -150 հազար միջին աշխատավարձով: Տնօրինությունը հոգում է նաև աշխատողների փոխադրամիջոցի հարցը: Իսկ ձեռնոցագործություն գյուղացիներին սովորեցրել են Ռուսաստանից եկած մասնագետները:

Ընկերությունը սակայն չի սահմանափակվելու միայն Չորաթանի  արտադրամասով, նախատեսում են գործարկել ևս հինգ արտադրամաս՝ Արծվաբերդ, Այգեձոր, Կողբ, Պառավաքար եւ Բերդ համայնքներում: Առաջիկա հինգ տարիներին ստեղծելու է ընդհանուր առմամբ շուրջ 2 հազար աշխատատեղ, կատարվելու է մոտ 40 մլն  ԱՄՆ դոլարի ներդրում: Չորաթանի արտադրամասի գործարկումից հետո ժամանակ առ ժամանակ մամուլում լուրեր են շրջանառվում, որ գործարանը չի աշխատում, սակայն տնօրեն Միքայել  Եզեկյանը այս լուրերը բամբասանք է որակում: «Գործարանը չի կանգնելու, կանգնելու նպատակ չունենք։ Չեմ կարծում , որ նման վատություն կանենք մեր ժողովրդին»,- ասում է։

Դեռ երկու տարի առաջ կառավարությունն արտոնություններ սահմանեց սահմանամերձ համայնքներում բիզնես գործունեություն ծավալող ընկերությունների  համար: Նրանք ազատվեցին մի շարք հարկատեսակներից: Իսկ ահա «Տավուշ Տեքստիլը» նախորդ տարի երեք տարի ժամկետով ազատվեց ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ից: Փոխարենը՝ ընկերությունը պարտավորվեց ներդրումային ծրագրի իրագործման՝ ստեղծել մոտ 450 աշխատատեղ: Այս պահի դրությամբ 150 աշխատեղ արդեն կա, ևս 50 –ն էլ նախատեսվում է: Իսկ մինչեւ տարեվերջ կգործարկվի Արծվաբերդի արտադրամասը՝ մոտ 250 աշխատատեղով:

Back to top button