Հասարակություն

Այսօր ծխելու դեմ պայքարի ազգային օրն է. կա նաեւ միջազգային օր

hasmikmartirosyan

Հայաստանը ծխելու դեմ պայքարի երկու օր ունի, մեկը համաշխարհային, մյուսը՝ ազգային։ Ազգայինը հոկտեմբերի 12- ն է, որն ընդունվել է կառավարության որոշմամբ: Մինչդեռ` այսքանով հանդերձ` ծխողների թիվը Հայաստանում շարունակում է ավելանալ, իսկ կառավարության` շուրջ 10 տարուց ի վեր հայտարարած հակածխախոտային պայքարի արդյունքների մասին խոսելու առանձնակի առիթներ, ցավոք, չկան: Ծխելու չափազանց վատ հետևանքների ու ծխողների թվի մասին փաստող հայաստանյան մտահոգիչ վիճակագրություն են այսօր ներկայացրել խնդրով մտահոգ կողմերը: Մանրամասները՝ Հասմիկ Մարտիրոսյանը կփոխանցի:

 

Այսօր Հայաստանում նշվում է Ծխելու դեմ պայքարի ազգային օրը։ Հիշեցնեմ` որոշումն ընդունել է Հայաստանի կառավարությունը, երբ 2004 թ-ի հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ-ն վավերացրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության` ծխելու դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան: Իսկ ընդհանրապես «Առանց ծխախոտի» նշանաբանով համաշխարհային օրը նշվում է ամեն տարի մայիսի 31-ին:

Ծխելու դեմ պայքարի ազգային օրը առիթ է` հերթական անգամ անդրադառնալու ծխելու չափազանց վատ հետեւանքներին ու ծխողների թվի մասին փաստող հայաստանյան մտահոգիչ վիճակագրությանը: Թվերն այս առումով հստակ չեն, բայց որոշ հաշվարկներով` Հայաստանում տղամարդկանց շուրջ 60 տոկոսը ծխող է:

Տղամարդկանց շրջանում ծխախոտամոլության հենց այս ցուցանիշով էլ պայմանավորվում է մի շարք հիվանդությունների, հատկապես թոքի քաղցկեղի բարձր ցուցանիշը: Իսկ ծխող կանանց թիվը հստակ չէ: Բայց դիտարկումները փաստում են, որ Հայաստանում ծխող կանանց թիվը վերջին տարիներին շատ է ավելացել: Թվերն այս դեպքում էլ խիստ հարաբերական են, քանի որ հայ կանանց մի ստվար մասը ծխում է գաղտնի` վիճակագրական  դիտարկումներից դուրս: Ծխող, սակայն ծխելու դեմ հանդես եկող Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը համալիր պայքարի կողմնակից է, որը 3 բաղադրիչ ունի՝ բարոյական, տնտեսական և իրավական։ «Եթե մի ճյուղը կաղում է, ապա ոչ մի պայքարն էլ արդյունք չի կարող տալ»,- ասում է։

Ուռուցքաբան Արամ Բադալյանը ընդգծում է մի քանի պատճառ, թե ինչու չպետք է ծխել: Եվ այսպես: Ծխելուց 20 րոպե անց նոր միայն սիրտը սկսում է նորմալ բաբախել, ծխելը թողնելուց 1-9 ամիս անց են միայն հազը եւ շնչառական հեղձուկը նվազում: Հարկ է 1 օր շուտ թողնել ծխելը, քանի որ միայն դրանից 10 տարի անց է սկսում կրճատվել թոքերի քաղցկեղի, իսկ 15 տարի անց` ինֆարկտի հավանականությունը: Վիճակագրության համաձայն` Հայաստանում մեծահասակ բնակչության համարյա 1/3-ն ամենօրյա ծխող է, ծխում է աշխատունակ տարիքի տղամարդկանց մեծամասնությունը: Ծխող կանանց շատ ավելի հաճախ կարելի է հանդիպել հասարակական վայրերում: Ծխողները թունավորում են ոչ միայն իրենց, այլեւ շրջապատին: Իսկ աշխարհում օրական մոտավորապես 18 600 մարդ է մահանում ծխելու հետևանքներից:

Շուրջ 35 տարի, որից 20 տարին օրական երեք տուփ ծխող սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր վիճակագրությունից բացի խոսեց, թե ինչ ջանքերի շնորհիվ է հրաժարվել ծխելուց և ինչ կարող է առաջարկել ծխող մարդկանց՝ ծխախոտը փոխարինել մուգ թեյով:

Հանրապետության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը ցավով նշեց, որ դեռահասները մոդայիկ երևալու և շրջապատից հետ չմնալու համար են սկսում ծխել, այնուհետև այն վերածվում է կախվածության: Գլխավոր մանկաբույժը պայքարի նվազեցման ճանապարհներից մեկը տեսնում է տեղեկատվության ակտիվ տարածումը, ոչ թե մի ծխեք կարգախոսով, այլ այն բացասական հետևանքների թվարկմամբ, որոնք ծխելու պարագայում ի հայտ են գալիս մարդու մոտ:

Մասնագետները շտապում են նաև հավելել` ծխելը նաեւ չափազանց թանկ է նստում ընտանեկան բյուջեի վրա։

Back to top button