Տնտեսական

Ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ԱՊՀ հանձնաժողովի նիստ Երևանում

karenghazaryan
Երեւանում այսօր կայացել է ԱՊՀ անդամ երկրների ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հանձնաժողովի հերթական՝ 17-րդ նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի ներկայացուցիչները:

 

 

Նախարարն անդրադարձավ նաեւ Հայաստանի ատոմակայանի 2-րդ էներգոբլոկի շահագործման երկարացման խնդրին, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ կնքվել է համագործակցության մասին պայմանագիր՝ այդ ծրագիրն իրականացնելու համար: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015 թվականի մայիսի 12-ին:  Բավականին ծավալուն աշխատանքներ են նախատեսված եւ, նախարար Աշոտ Մանուկյանի վստահեցմամբ, դրանք այսօր իրականացվում են միանգամայն մշակված եւ հաստատված գրաֆիկին համապատասխան: Հայկական ատոմակայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ 2-րդ էներգոբլոկի շահագործումը երկարացնելու ներդրումային ծրագրի նախնական հաշվարկները կան, ծավալները մեծ են:

«Ընդհանուր ծրագիրը մինչեւ տարվա վերջ մենք կունենանք, քանի որ ստուգումների արդյունքներով կարող են որոշակի ծավալներ ավելանալ: Մինչեւ տարվա վերջ մենք ընդհանուր ներդրումային ծրագիրը կներկայացնենք»:

ԱՊՀ անդամ երկրների ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հանձնաժողովի երեւանյան նիստի օրակարգում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության մի շարք կարեւոր ուղղություններ են: Մասնավորապես՝ Շրջանակային եւ «Ուրանի արդյունահանման ազդեցությանը ենթարկված տարածքների վերամշակման» միջպետական նպատակային ծրագրերի իրականացման ընթացքը՝ մինչեւ 2020 թվականը: Նիստում նաեւ ներկայացվում են նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների իրագործման, Ճառագայթային թերապիայի եւ միջուկային բժշկության աշխատանքային խմբի գործունեության հաշվետվությունները:

Ատոմային էներգետիկայի բնագավառի համար նոր կադրերի պատրաստման եւ առկա մասնագետների որակավորման բարձրացման հարցերը՝ ներառյալ ԱՊՀ լավագույն համալսարաններում կրթության շարունակման հնարավորության կազմակերպումը հանձնաժողովի օրակարգի առաջնահերթություններից է: Այս մասին ասաց «Ռուսատոմ» ընկերության փոխտնօրեն Նիկոլայ Սպասկին:

Համարում ենք, որ ընթանում է շատ լավ զարգացում՝ հավելեց «Ռուսատոմ»-ի ներկայացուցիչը: Նիստի արդյունքներով ստորագրվել է արձանագրություն: Նիկոլայ Սպասկին համոզված է, որ այն կենդանի, աշխատող փաստաթուղթ է: ԱՊՀ անդամ երկրների ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել Տաջիկստանում:

Back to top button