Տնտեսական

Հայաստանում պետք է արտադրող բիզնեսը զարգանա.փորձագետ

hasmikdilanyan
Հայաստանում աշխատող  փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների  80 տոկոսը  առևտրով է զբաղվում: Փորձագետները սա, մտահոգիչ են համարում, նկատում են՝ Հայաստանում պետք է  արտադրող բիզնեսը զարգանա:

 

1,5 տարվա ընթացքում մեր երկրում շուրջ 18 հազար ձեռնարկություն է փակվել: Վերլուծությունը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն է ներկայացնում:

Վերջին տարիներին ամենաշատը առևտրի ոլորտի ՓՄՁ-ներն են փակվել, նախ որովհետև  սուպերմարկետներն են նրանց կլանում, հետո նաև ժողովրդի վճարունակությունն է նվազել, առևտրի կետերի փակվելու պատճառներից երրորդն էլ միգրացիայի բարձր տեմպն է.  Գնորդ չկա, շահութաբերություն չի մնացել: Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով.

«Երկրորդ խեղճանում է՝ սննդի արդյունաբերության որոշ ճյուղեր, օրինակ, թխվածքների արտադրութուն, երրորդ՝  փոքր արտադրություններ, էլեկտրատեխնիկական»:

Մեր երկրի  ՓՄՁ-ի 80  տոկոսից ավելին  առևտրով է զբաղվում :   Հայաստանում պետք է  արտադրող բիզնեսը զարգանա՝ շեշտում  են փորձագետները: ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը նկատում է որ առկա խնդիրներին ավելանում է եւս մեկը՝ փոքր շուկան։

Գագիկ Մակարյանի դիտարկմամբ,  Հայաստանի տնտեսությունը կրիտիկական պրոբլեմ ունի, 200 հազարից ավելի գրանցված ընկերություններ կան, սակայն, ամեն տարի միջինը 80 հազարն է ակտիվ աշխատում: 50 հազարն էլ տնտեսության մեջ մեծ դեր չկատարող միկրոընկերություններն են: Իսկ ամենավատն այն է,  որ տնտեսությունը պահող ընկերությունների  թիվն է նվազում:

ՓՄՁ-ների խնդիրների մասին կարելի է անվերջ խոսել: Լուծման բանալիները դեռ չեն գտնվում: Նրանց մոտ ամեն անգամ նոր հույս է արթնանում, երբ կառավարության ղեկավարն է փոխվում: Այս  կառավարության ձևավորումն էլ բացառություն չէր:

Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրն անդրադարձավ ՓՄՁ-ների խնդրին՝  հանձնարարելով հարկային սգուգումներ  իրականացնելիս անգամ ՓՄՁ-ներին անդրադառնալ  միայն  ծայրահեղ դեպքերում: Ձեռներեցների կոնֆեդերացիայի   անդամները դեռԿարեն Կարապետյանի հետ հանդիպմանն են սպասում, առանձնացրել են իրենց անհանգստացնող հիմնական հարցերը:  Պարզվում է  նրանց համար ամենակարևորը նախարարություններին կից հասարական խորհուրդներ ստեղծել ու դրանց միջոցով իրենց խնդիրները հասցնել համապատասխան մարմիններին:

ՀՀ-ում ուղևորափոխադրումների կազմակերպում ՀԿ նախագահ Պողոս Օղլուկյանն էլ պատրաստվում է տրանսպորտային խնդիրների հետ կապված հարցերը քննարկել հասարակական խորհուրդների միջոցով:  Կարծում է, որ նիստերի  ժամանակ առողջ քննարկումներ կկազմակերպվեն:

Back to top button