Հասարակություն

Լենինգրադյան փողոցը՝ Լեոնիդ Ազգալդյանով անվանափոխելու ստորագրահավաքին միացել է 2000 քաղաքացի.անհրաժեշտ է 6000 ստորագրություն

karenghazaryan
«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը շարունակում է ստորագրահավաք՝ Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անվամբ կոչելու նպատակով: Նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ ակնկալում է 8 հազար ստորագրություն հավաքել եւ դիմել Երեւանի քաղաքապետարան: Սփյուռքահայ պատմաբան, տարածաշրջանային վերլուծաբան եւ փորձագետ Սարգիս Հասպանյանը Լեոնիդ Ազգալդյանի անունով մինչ օրս փողոց չունենալը համարում է ամոթ, սակայն, կարծում է, որ սխալ է Լենինգրադյան փողոցի անվան փոփոխությունը, քանի որ աշխարհի համար Լենինգրադը ֆաշիզմի դեմ լուրջ դիմադրության խորհրդանիշ է: Մենք նույնպես դիմադրել ենք Ադրբեջանին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտել է Սարգիս Հացպանյանը:

Երեւանում Լեոնիդ Ազգալդյանի անվամբ փողոց ունենալու անհրաժեշտության մասին քննարկումներ վաղուց են եղել: «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին»  նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը համոզմունք հայտնեց, որ վաղուց ժամանակն է, որպեսզի հայ ժողովրդի ճակատագրում չարաբաստիկ դերակատարություն ունեցած Լենին անունն ի սպառ դուրս դրվի գործածությունից: Դրա համար էլ ընտրել են հենց Լենինգրադյան փողոցը:

«Լենինգրադ անունը ինքնին կապված է Լենինի անվան հետ, իսկ Լենին անունից վաղուց էր պետք ազատվել՝ ոչ թե նրա համար, որ այն խորհրդային ժառանգություն է, այդպիսի կարծիքներ էլ կան, որ մենք խորհրդային ժառանգության դեմ ենք պայքարում, բնավ ոչ: Լենինը իր ոչ հայանպաստ քաղաքականությամբ բոլորիս հայտնի է: Կարծում եմ անհրաժեշտություն չկա մանրանալ, թե ինչով»:

Երեւանում կան նաեւ շատ այլ փողոցներ, որոնք նպատակահարմար է անվանակոչել մեր նորօրյա հերոսների անուններով՝ այդ կերպ եւս մեկ անգամ արժեւորելով նրանց: Նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանն ասաց, որ արդեն 10 օր է, ինչ սկսել են ստորագրահավաքը: Յուրքանչյուր կիրակի Մաշտոցի պուրակում ամփոփում են ընթացքը: Արդեն հավաքվել է 2000 ստորագրություն՝ հօգուտ անվանափոխության:

«Նպատակ ունենք մինչեւ նոյեմբերի 22-ը՝ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրը հավաքել անհրաժեշտ քանակը՝ օրենքով նախատեսված մոտ 8 հազար ստորագրությունը, որը Երեւանի բնակչության 1 տոկոսն է: Կարծում եմ կհասցնենք հավաքել եւ կդիմենք քաղաքապետարան, որպեսզի դնեն ավագանու նիստին եւ քննարկեն հարցը»:

Տարածաշրջանային փորձագետ, պատմաբան, վերլուծաբան Սարգիս Հացպանյանը, որ Արցախյան գոյամարտում կռվել է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ, ամոթ է համարում, որ նրա անվամբ փողոց մինչեւ հիմա չկա: Լեոնիդ Ազգալդյանի արժանիքների եւ գործունեության մասին կարելի է ժամերով խոսել:

Սարգիս Հացպանյանը, սակայն, չի կարծում, որ հենց Լենինգրադյան փողոցն է անհրաժեշտ վերանվանել: Ֆրանսիայում, օրինակ, ամենահայտնի մետրոներից մեկը կոչվում է «Ստալինգրադ» եւ որեւէ մեկի մտքով չի անցնում այն փոխել: Ամբողջ Մարդկությունը գիտե, որ եթե չլիներ Ստալինգրադը, չէր լինի ֆազիզմի պարտությունը՝ ասաց նա:

«Լենինգրադը ասոցացվում է ոչ այդքան Լենինի անվան հետ, որքան աշխարհի պատմության մեջ ամենամեծ շրջափակման դեմ դիմադրության օջախի: Դա մարդկային հպարտություն է, որ Լենինգրադի ամբողջ բնակչությունը չծնկեց եւ այդքան երկար դիմադրեց ֆազիզմին: Դա, իրոք որ, հարգանքի արժանի բան է»:

Հետեւաբար, ըստ Սարգիս Հացպանյանի, ճիշտ չէ այդ անունը փոխելը: Ըստ նրա պետք է քննարկման առաջարկել այլ տարբերակ: Սա ասում է որպես մեկը, ով հազարավոր հոդվածներ է գրել Լենինի ու բոլշեւիզմի մասին, կրկնակի պատճառներ ունի «Լենին» անունն ընդհանրապես չհիշատակելու: Այդուհանդերձ, սփյուռքահայ պատմաբանի խոսքով, Լենինգրադ անունն ընդհանրապես չի խառնում այդ անվան հետ, որքան էլ այն կրում է դրա բաղադրիչը: Լենինգրադը դիմադրության խորհրդանիշ է եւ մենք եւս դիմադրեցինք Ադրբեջանին՝ եզրափակեց Սարգիս Հացպանյանը:

Նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանն ասաց, որ այլ տարբերակի մասին իրենք չեն քննարկել: Հավելեց, որ առաջնային նպատակը Լեոնիդ Ազգալդյանի անունով փողոց ունենալն է, հետեւաբար, կարող են այլ տարբերակ էլ քննարկել, սակայն, նպատակահարմար չեն համարի, եթե  այն լինի խուլ, երկրորդային, երրորդային փողոց: Գործող եւ աշխույժ փողոց լինելու դեպքում, բնականաբար, կարելի է եւ անվանակոչել՝ եզրափակեց նա:

Back to top button