Մշակույթ

Հայաստանի սիրահարված ֆրանսիացի դիվանագետի գրքի շնորհանդեսը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

alisagevorgyan
Հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության շրջանակում` հոկտեմբերի 4-12-ը Հայաստանում է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր նախկին դեսպան Անրի Կյունին: Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում նա այսօր հանրությանն է ներկայացրել իր հեղինակած «Հայաստան. մի ժողովրդի ոգին» էսսեն և գրքի հայերեն թարգմանությունը: 2006-ին  Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո Կյունին իր տպավորություններն է հանձնել թղթին: «Հայաստան. մի ժողովրդի ոգին» էսսեն ֆրանսիացի դիվանագետի սիրո խոստովանությունն է մեր երկրին ու ժողովրդին:

 

 

«Հայ չեն ծնվում: Մարդ իրեն կամաց-կամաց այդպիսին զգում է, քանզի մեր հոգու խորքում միշտ անմար է հուշը Եդեմի մասին, որը մինչև մեր վերջին շունչը, շարունակում է ծաղկել ավելի վառ գույներով, քան մեր մանկական սերերի դրախտային կանաչը: Հայեցիությունը բոլոր հավանականությունները հաղթահարելու միջոց է: Եթե այն թելադրված լիներ միայն արյամբ, ապա վաղուց թաթախված կլիներ արյամբ: Ըստ իս, հայեցիությունը, նախ և առաջ, ողջախոհության հազարամյա ընթացք է»:

Տողերի հեղինակը հայ չէ, այլ ֆրանսիացի դիվանագետ Անրի Կյունին, ով  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն էր 2002-2006 թվականներին: Այդ տարիններին Հայաստանում կուտակված  տպավորություններն են, որ նախկին դեսպանն ամփոփել է գրքում՝ «Հայաստան. մի ժողովրդի ոգին»: Իր սիրո մասին Անրի Կյունին այսօր գերադասեց խոսեց նախ հայերեն.« Չափազանց հաճելի է, որ ես ու Հայաստանը հանդիպեցինք իրար: Ես և կինս շատ սիրում ենք այս երկիրը: Երբեմն ինձ թվում է, որ մի քիչ հայ եմ»:

«Գեներալ դը Գոլի նման ես էլ կարծում եմ, որ ազգերը չունեն բարեկամներ, այլ ունեն գործընկերներ: Բայց ես բացառություն կանեի հայ-ֆրանսիական բարեկամությունը, որը հրաշալի օրինակ է ողջ աշխարհի համար: Ես առանձնացրել եմ մի քանի  կարևոր բաղադրիչներ, որոնք ըստ իս, բնորոշում են Հայաստանը: Առաջինը՝ Հայաստանի կապն է մարդկության ծննդի հետ: Երկրորդը՝ հնագույն ու անկրկնելի հայոց լեզուն է: Հայաստանը նաև իր հայոց հին ու հարուստ գրականությունն է, Սարյանի գույները, որոնք զարդարել են նաև գիքիս շապիկը: Որպես առաջին քրիստոնեա ազգ հայն առանձնանում է նաև իր հոգևորությամբ»,-ասում է ֆրանսիացի դիվանագետը: Երևանի հայ –ֆրանսիական համալսարանի համահիմնադիր Անրի Կյունին նաև հավելում է.«Հայ երիտասարդներին ես հաճախ եմ ասել՝ դուք երջանիկ եք, որովհետև ապրում եք երիտասարդ, բայց միաժամանակ հազարամյակների պատմություն ունեցող երկրում»:

«Հայաստանը մեզ սովորեցնում է, որ յուրաքանչյուր ազգ աշխարհի անբաժանելի մասն է, հետևաբար յուրաքանչյուր ցեղասպանություն ընդհանուր մարմնի մի մասի անդամահատումն է ». սա Անրի Կյունիի ձևակերպումն է: Հայաստանին նվիրված նրա երկլեզու գրեքերի շնորհանդեսին ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանն այսօր գրքից առանձնացրեց մի հատված, որը նրան, ինչպես ասաց,  զարմացրել էր: Անրի Կյունին Շամիրամի հետ է համեմատում բոլոր նրանց, ովքեր առհասարակ, կարող են սիրահարվել Հայաստանին:

Հայ-ֆրանսիական հարաբերություններում այն սերն ու բարեկամությունը, որ կառուցվել  ու ամրապնդվել են նաև Ձեր շնորհիվ, թող շարունակական լինեն». երախտագիտության ջերմ խոսքերից զատ հայ պաշտոնյայի մաղթանքն էր՝ ուղղված մեր երկրին սիրահարված ու սերը նաև գրքին հանձնած ֆրանսիացի դիվանագետին:

Back to top button