ՀասարակությունՑեղասպանություն 100

Փարիզի քաղաքապետի գրառումը. «Ճանաչել ճշմարտությունն ու ընդունել Հայոց ցեղասպանությունը»

Երևանի օրվա կապակցությամբ մայրաքաղաքում գտնվող Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հոկտեմբերի 8-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է դրել զոհերի հիշատակին, այնուհետև այցելել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որի հարևանությամբ գտնվող պուրակում խորհրդանշական ծառ է տնկել:

Անն Իդալգոյին ուղեկցում էին Փարիզի քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուղղությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Ֆրանսիայի դեսպանը Հայաստանում, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, և քաղաքապետարանի ավագանու անդամներ:

Փարիզի քաղաքապետը գրառում է արել Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում և նշել, որ հիմնական ուղերձն է ընդունել, ճանաչել ճշմարտությունը, ինչը մարդ արարածին հնարավորություն կտա ավելի զարգանալ, բարգավաճել: «Այլ կերպ ասած սա կոչ էր, որ ամբողջ աշխարհն ընդունի ճշմարտությունը և ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-հավելել է Իդալգոն:

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ տպավորությունը շատ խորն է, երկրորդ անգամ է այցելում Ցեղասպանության հուշահամալիր և խորապես տպավորված է, գրում է Tert.am-ը:

Նա հիշեցրել է, որ 2015-ին Փարիզի քաղաքապետարանում բավականին հետաքրքիր ցուցադրությամբ փորձել են իրենց լուման դնել այս ընդհանուր գործին: «2015 թ.-ի ցուցադրությունը մեծ հաջողություն ունեցավ և այն խարսխված է մնացել փարիզցիների հիշողության մեջ »,- ասել է նա և նշել, որ 2018-ին ցուցադրություն կազմակերպելու մի նոր առաջարկ են ստացել, որի շեշտադրումն է՝ մարզաշխարհ և Հայաստան:

«Հայոց ցեղասպանության պատմությունը հուզումնալից լինելով հանդերձ շատ սրտամոտ է Ֆրանսիային. Ֆրանսիայի մայրաքաղաքին և ընդհանրապես Ֆրանսիայի ժողովրդին, քանի որ այնտեղ կա շատ կարևոր գործոն՝ հայ համայնքը, որի դերակատարությունը կարևորում ենք մենք»,-ասել է նա և նշել, որ հենց Հայոց ցեղասպանությունը ինչ-որ տեղ հիմք ծառայեց նաև, որ հետագայում նման ոճիրներ տեղի ունենան:

Back to top button