Վերլուծական

Ինչո՞ւ են հայերը մնում կործանվող Հալեպում

լուսանկարը՝ ՏԱՍՍ- ի

hasmikmartirosyan

Հալեպում ստեղծված իրավիճակը գերտերությունների անհամաձայնության հետևանք է՝ պնդում են արաբագետները՝ փաստելով, որ սեպտեմբերյան զինադադարի հաստատմամբ և խախտմամբ, ռուս և ամերիկյան հարաբերություններում կրկին ուժային վերադասավորումներ սկսվեցին:

Այս անգամ կարծես ռուսական կողմը օգտվելով ԱՄՆ- ում սպասվող նախագահական ընտրություններից, նախահարձակ գործողություններ է իրականացնում Սիրիայի կառավարական ուժերի հետ համատեղ: Չնայած որ՝ դիվանագիտական խողովակներով մեղադրանքները չեն դադարում, բայց գործնականում կառավարական ուժերը Հալեպի արևելյան որոշ շրջանների վրա վերահսկողություն են սահմանել:

Ի դեպ, այսօր ԱԽ-ում Հալեպի հարցով նիստ կգումարվի: Մինչ փակ դռների հետևում որոշումներ են կայացվում, զոհերը թիվը մեծանում է, զուգահեռ նաև հումանիտար ճգնաժամն է խորանում։ Այս օրերին ամենահաճախը ռմբակոծվում են Հալեպի հայկական թաղամասերը…

Ինչո՞ւ նրանք դուրս չեն գալիս պատերազմական գոտուց։ Սփյուռքի նախարարությունը պնդում է, որ հալեպահայերը չեն ցանկանում, քանի որ նրանք բազմաթիվ պարտականություններ ունեն այդ պետության առջև: Խոսքը զինապարտության, բանկային և նման բազմաթիվ խնդիրների մասին է: «Ամենից առաջ մարդն ինքը պետք է ցանկանա գալ: Նրանք գիտեն, որ անհրաժեշտ է դիմել հյուպատոսարանին կամ «շտապ օգնության» համակարգողին»,- օրեր առաջ ասել էր Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը՝ հակադրվելով այն տեսակետին, որ հալեպահայերը ցանկանում են գոյատևել արկերի տակ, բայց չվերադառնալ սոցիալապես անապահով Հայաստան, քանի որ այստեղ բնակություն հաստատած սիրիահայերի սոցիալական վիճակն անմխիթար է:

Պաշտոնական տեսակետներ հետ համաձայն չեն հայրենիքում գտնվող հալեպահայ գրող Սոսի Միշոյանը և հրապարակախոս, մանկավարժ Հակոբ Միքայելյանը։ Բանախոսները պնդում են, որ հայրենիքում հաստատված սիրիահայերի խնդիրները նույնն են, ինչ որ ՀՀ քաղաքացիներինը: «Սիրիայում ստեղծված իրավիճակը շուրջ 6 տարիների ընթացքում ՀՀ չօգտագործեց որպես հայրենադարձության կազմակերպման տարբերակ, հակառակը՝ եկածներից շատերը, հայրենիքը տարանցիկ երկիր ընտրելով, լքեցին այնը՝ հայրենիքում հաստատվելու բաղձանքը չկատարված»,- ասում է Հակոբ Միքայելյանը և հարցնում՝ ի՞նչ է անում Սփյուռքի նախարարությունը։ Գործի արդյունքը գոնե ինքը չի տեսնում:

Հալեպահայերը ցանկանում են լքել երկիրը, բայց անգամ Լիբանան հասնելու համար օդանավի տոմս գնելու գումար չունեն՝ ասում է Սոսի Միշոյանը ու չի բացառում, որ նրանք, որ չեն ցանկանում տեղափոխվել հայրենիք, երկրի տնտեսական և Հայաստանում հաստատված սիրիահայերի սոցիալական վիճակով է պայմանվորված: Իսկ այն հարցին՝ արդյո՞ք նախընտրելի է ապրել պատերազմական գոտում, քան հայրենիքում՝ թեկուզ սոցիալական խնդիրներով, պատասխանում է. «Բոլորն էլ ցանկանում են գալ, սակայն շատերը եկան, սակայն լքեցին երկիրը, այդ վախն էլ փոխանցվում է Սիրիայում գտնվողներին»:

Երբեմնի 250 հազար համայնք ունեցող Սիրիայի Հանրապետությունում այսօր բնակվում է 20 հազար հայ: Հրապարակախոս Հակոբ Միքայելյանը չի բացառում, որ շատ հալեպահայեր ուղղակի քաղաքը չեն լքում, քանի որ Սիրիայում ունենք ահռելի քանակության պատմամշակութային արժեքներ` հոգեւոր բաղադրիչով: Եթե սիրիահայերը դուրս եկան` դրանք կորած են: «Եթե ամբողջությամբ համայնքը լքի երկիրը՝ Սիրիայում էլ ոչինչ չունենք անելու»,- ցավով նշում է Միքայելյանը ու շեշտում, որ տեղի կազմակերպությունները հաշվի առնելով անվտանգության խնդիրը և գաղութը պահելու հարցը, դիմել են հայերին, որ ցանկացողները կարող են հեռանալ:

Հիշեցնենք, որ կարծիք էր հնչում, որ հալեպահայերի ելքին խոչընդոտում են նաև ազգային կազմակերպությունները:

Back to top button