Քաղաքական

Հասարակագետ. Հայաստանում ավարտվում է վայրի կապիտալիզմի շրջանը

lenabadeyan

Քաղաքական եւ տնտեսական դաշտի ներկայացուցիչները մինչ այս պահը փորձում են հասկանալ, թե նոր կառավարության գործողությունների հաջորդականությունը ինչ արդյունքներ կարող է ունենալ: Ամեն ինչը դեռ ենթադրությունների հարթության մեջ է, քանի որ նոր կառավարության ծրագիրը դեռ չկա, հայտնի չէ, թե որ ուղով է այն գնալու, բայց օրինակ՝ նույն կառավարության առաջարկով հաստատվեց նախորդի մշակած հարկային օրենսգիրքը, ինչպես նաեւ խորհրդարան է արդեն ուղարկվել 2017-ի բյուջեի նախագիծը: Ինչ փոփոխությունների առաջ է կանգնել Հայաստանը՝ քաղաքական գործիչները դեռեւս փորձում են հասկանալ նախագահի եւ վարչապետի խոսքերում առկա «մեսիջներից»:  

 

«Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների իրական ծավալը եւ նպատակները երբեմն նույնիսկ չեն գիտակցում հենց հանրապետական կուսակցության անդամները»,-  բացահայտում է ՀՀԿ անդամ, հասարակագետ, նախկին սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը: Իշխող կուսակցությունում տիրող անորոշության որպես ապացույց ներկայացվում է վերջին ՏԻՄ ընտրությունների օրինակը, երբ որոշ հանրապետականներ շտապեցին ազդարարել իրենց հաղթանակի մասին Վանաձորում եւ Գյումրիում՝ այն դեպքում, երբ այս պահին ՏԻՄ ձեւավորման ժամանակ իրավիճակ է փոխվում: Առայժմ իրականացված փոփոխությունները, ըստ հանրապետական հասարակագետի, վկայում են, որ  Հայաստանում ավարտվում է «վայրի կապիտալիզմի» շրջանը:

Վարչական էլիտայի փոփոխությունը խորքային իմաստ ունի՝ համոզված է Ռազմիկ Մարտիրոսյանը: Նոր կառավարությունը ոչ թե փոփոխությունների գրավական է, այլ ընդամենը հնարավորություն, որը տրվել է բոլորին եւ այս պահին ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կօգտագործվի այն:

Ռազմիկ Մարտիրոսյանի կարծիքն այս առումով կիսում է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, Ռամկավար ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցության հիմնադիր Վիգեն Խաչատրյանը: Այս քաղաքական գործիչը համոզված է՝ տրված հնարավորությունն արդյունավետ կօգտագործվի, եթե որոշումներ կայացնելու ժամանակ հաշվի առնվի հասարակական կարծիքը, եթե բոլոր նախաձեռնությունների համար առաջին օրինակը ծառայեն նախաձեռնողները եւ եթե Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի անձնական մասնակցություն ունենա փոփոխություններին:

Վիգեն Խաչատրյանն ընդունում է՝ տասնամյակների ընթացքում վատ երեւույթները՝ այդ թվում կոռուպցիան, այնքան են արմատացել, որ միասնական ուժերով է պետք առաջ շարժվել: Ավագ սերնդի քաղաքական գործիչը պնդում է՝ պետք է գա նոր սերունդ՝ կրթված, անկախության ճանապարհով անցած, էներգիայով լի: «Այդ նոր հոսանքը այլեւս մենք չենք»,- ընդունում է Վիգեն Խաչատրյանը:

Ընտրություններից առաջ ձեւավորվող լինի նոր հոսանք, թե նոր քաղաքական ուժ՝ կեղծիքը հասարակությունը միանգամից կզգա՝ համոզված է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը: Տեղի ունեցող փոփոխությունները նա դեռ բովանդակային վերլուծության չի կարող ենթարկել՝ նյութ չկա: Այս պահին կան միայն «մեսիջներ»:

Խնդրին թերահավատորեն է մոտենում նաեւ պատգամավոր Թեւան Պողոսյանը: Այս պահի դրությամբ նկատել է միայն «անձնափոխություններ եւ բառապաշարի փոփոխություն» եւ ոչ ավելին:  Հենց այս գործոնը թույլ չի տալիս Թեւան Պողոսյանին լավատես լինել: Ասում է՝ նոր կառավարության ոչ նոր ծրագիրը կա, ոչ էլ ուղենիշերը, բայց նույն կառավարության առաջարկով խորհրդարանը հաստատեց նախորդի մշակած հարկային օրենսգիրքը, ինչպես նաեւ կառավարության ծրագրից առաջ արդեն ԱԺ ուղարկվել է 2017-ի բյուջեի նախագիծը:

Back to top button