Տնտեսական

Կառավարությունը փորձում է համարձակ ներկայանալ, սակայն, շատ զգուշավոր է՝ ասում են տնտեսագետները

hasmikdilanyan

Տնտեսագետները  շարունակում են  վերլուծել ու փորձել հասկանալ՝ ինչով էր պայմանավորված  նախորդ կառավարության հրաժարականն ու նոր կառավարության ձևավորումը: Ամեն ինչ դեռ կանխատեսումների մակարդակում է։ Փորձագետները, հետևելով կառավարության հիմնական տնտեսական բլոկի պատասխանատուների հայտարարություններին ու քայլերին, հետևություններ ու  եզրահանգումներ են անում: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը  նախընտրական փուլում բնականոն  գործընթաց է համարում այնպիսի կառավարության ձևավորումը, որը շատ արագ սուր քննադատության թիրախ չի դառնա:

 

Նոր կառավարության կազմը ձևավորված է, տնտեսության վիճակն էլ, մեղմ ասած, մխիթարական չէ: Նախ՝ նոր կառավարության ղեկավարն է դրա մասին խոսում, հետո՝ ֆինանսների նախարարն  ասուլիս հրավիրում ու  բացատրում՝ ամեն ինչ չէ, որ շատ  վատ է: Վարդան Արամյանն օրերս մանրամասն պարզաբանեց՝   տնտեսության ներկա վիճակը արտաքին գործոններով է  պայմանավորված, հիմնականում ՝Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով և   համաշխարհային շուկայում հումքային ապրանքների գների նվազմամբ։

Հայտարարությունը ֆինանսների նախարարին  է, սակայն, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը թերևս իր խոսքն  ուղղում է բոլոր պատասխանատուներին՝ հայտարարություններից կարելի է  ենթադրե՝ բոլորովին էլ կապ չունի, թե ովքեր են կառավարությունում ՝  տնտեսության վիճակը Ռուսաստանի տնտեսությունից  է կախված: Տնտեսագետն ուշադիր հետևել է հայտարարություններին ու անցած օրերի ընթացքում կոռուպցիայի, մենաշնորհների  դեմ պայքարի մասին չի լսել։ Նա առայժմ միայն մեսիջներ է լսում պաշտոնյաներից, իսկ իրականում ամեն ինչ ավելի վատ է,  եկամուտների՝  90   մլրդ դրամով  կրճատումը լուրջ թիվ է, իրական տնտեսական  աճի սպասումները քիչ են:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նկատում է՝ նոր կառավարությունում  արագ ընկալման, խնդիրները լսելու  և արձագանքելու միտում  է նկատել։ Նա կարծում է, որ պետք է ռիսկերի կառավարման մոդելներ կիրառվի:  Վարչապետի հետ նախորդ հանդիպումից անմիջապես հետո կառավարության նիստի ընթացքում Մակարյանի նկատառումներից մի քանիսն արդեն ներառվել են օրակարգ: Այժմ՝ այլ խնդիրների մասին են խոսում:

ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը նոր կառավարությունում  բիզնես միջավայրը բարելավելու իրական ցանկություն ու պարտադրանք է նկատել: Կառավարությունը փորձում է  համարձակ ներկայանալ, սակայն, շատ զգուշավոր է՝ ասում է նա։ Մյուս տնտեսագետները եւս համաձայն են այս կարծիքի հետ, նշում են՝ եթե  կառավարությունը ստվերի դեմ պայքարի՝ օրենսդրական խստացումների կարիք չի լինի:

Արտաքին պարտքի բեռն արդեն անհանգստացնում է  ոլորտի պատասխանատուներին։ Թերևս այս պատճառով է, որ  հաջորդ տարվա բյուջեով նախանշված  ծախսերը բավականին համեստ են:  Հայաստանի պարտքը հատել է ՀՆԱ-ի 50 տոկոսի շեմը, դրա սպասարկման համար   2020թ անհրաժեշտ է լինելու  մեկ մլրդ դոլար:  2,5  մլրդ դրամ ունեցող բյուջեում մեկ մլրդ պարտքն է կազմելու: «Սա լուրջ մարտահրավեր է, որից խուսափելու համար պետք է խաղի կանոնները փոխվեն»,- նախազգուշացնում են փորձագետներն ու  նոր կառավարությունից  լուրջ  քայլեր ակնկալում:

Back to top button