Հասարակություն

Թմրամոլների թիվը Հայաստանում տարեկան աճում է 9 տոկոսով

karenghazaryan

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես թմրամոլությունը լուրջ մարտահրավեր է, քանի որ այն ունի աճի միտում: ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ պաշտոնական վիճակագրությամբ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում 5828 թմրամոլ կա, իսկ ոչ պաշտոնական թվերով՝ 30 հազար: Դա տեղական եւ միջազգային փորձագետների անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում է արձանագրվել: Գլխավոր նարկոլոգը հայտնել է նաեւ, որ պաշտոնական վիճակագրությամբ թմրամոլությունը ամեն տարի Հայաստանում աճում է 9 տոկոսով: Սա արձանագրվել է անցած տարվա համեմատությամբ, երբ նարկոլոգիական ծառայությունում գրանցված է եղել 5357 թմրամոլ: Թմրամիջոցներից կախվածության մեջ գտնվողների տարիքային շեմը 25-45 տարեկաններն են:

 

Թմրամոլության մասին խոսելիս ստիպված ենք անդրադառնալ երկու թվային վիճակագրության: Նախ՝ պաշտոնական թվեր: Այս դեպքում հաշվի են առնվում ԱՆ նարկոլոգիական ծառայության թվերը: Այսինքն՝ այստեղ ներառված են այն անձինք, որոնք դիմել են այս ծառայությանը եւ հաշվառվել: «5828 թմրամոլ է հաշվառված այսօր նարկոլոգիական ծառայությունում՝ 25-45 տարեկան: Հաշվառված 5828-ից 88-ը կանայք են»,- թվերն է ներկայացնում հանրապետության գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը:

Կան նաեւ ուսումնասիրությունների արդյունքներ, որոնք Հայաստանում վերջին անգամ անցկացվել են 2011 թվականին: Այն անցկացվել է գիտական հենքի վրա՝ տեղական եւ միջազգային փորձագետների մասնակցությամբ: Համաձայն այս ուսումնասիրությունների՝ Հայաստանում հաշվվում է 30 հազար թմրամոլ:

Հարեւան երկրների համեմատությամբ՝ սա բավականին բարվոք վիճակագրություն է համարվում:«Երբ լինում են միջազգային հանդիպումներ թմրամոլության վերաբերյալ՝ մենք խոսում ենք մոտ 30 հազար թմրամոլի մասին, վրացիները խոսում են մոտ 400 հազարի մասին: Մեզ միջազգային փորձագետները չեն հավատում՝ ասելով թե՝ ոնց որ թե նվազեցնում եք թվերը, վրացիներին էլ չեն հավատում՝ ասելով հակառակը՝ ուռճացնում են թվերը»,- ասում է Սեմերջյանը:

Ի դեպ, նշենք նաեւ, որ 2016 թ. 6 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել է 482  հանցագործության դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 511 դեպքի դիմաց: Գրանցվել է նվազում 29 դեպքով կամ 5,6 տոկոսով՝ տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքէջից:

Թմրամիջոցներից կախվածության բուժմանն անդրադառնալով՝ գլխավոր նարկոլոգն ասաց, որ բուժման տեւողությունը  տարբեր ժամանակահատվածներ է պահանջում՝ պայմանավորված նրանով, թե ինչ տեսակի թմրամիջոցից է անձը գտնվում կախվածության մեջ: Պետրոս Սեմերջյանը կրկին զգուշացրեց այն վնասների մասին, որ թմրամոլությունը պատճառում է մարդու ամենատարբեր օրգաններին ու օրգանային համակարգերին։ Գլխավոր նարկոլոգը հավաստիացրեց նաեւ, որ ծառայությանը դիմածների գաղտնիությունը պահպանվում է եւ ճիշտ չեն տեղեկությունները, թե տվյալները փոխանցվում են իրավապահ մարմիններին:

Նշենք նաեւ, որ 1993 թ.-ին Հայաստանը վավերացրել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ թմրամոլության դեմ պայքարի հետ կապված ՄԱԿ-ի կոնվենցիաները: Վիճակագրությունը նաեւ ցույց է տալիս, որ աշխարհում թմրամոլության աճը կանխելու աշխատանքները արդյունք չեն տալիս: Միայն Շվեդիան է, որ հայտարարել է, թե կարողացել է երկրում կանխել աճը:

Back to top button