Քաղաքական

Կասպշիկը հայտարարություն է տարածել

Այս տարվա ապրիլի սկզբին բռնկված լարվածությունից վեց ամիս անց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը հոկտեմբերի 5-ին իր մանդատի համաձայն մշտադիտարկում է իրականացրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում:  Տարածված հայտարարության   մեջ մասնավորապես ասված է.

«Ինչպես միշտ` կողմերը տեղեկատվություն են ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ, այդ թվում նախորդ մշտադիտարկումից հետո գրանցված հրադադարի խախտումների մասին: Այդ տեղեկատվությունը փոխանցվել է Մինսկի խմբի անդամներին, այդ թվում համանախագահներին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահին:

ԶԼՄ հրապարակումները երբեմն նշում են, որ իմ գրասենյակը չի արձանագրում հրադադարի խախտումները, կամ նշում պատասխանատու կողմին: Նրանք միգուցե հղում են անում այն փաստին, որ մշտադիտարկման ընթացքում, երբ գրասենյակի ներկայացուցիչներն առաջնագծում են, հրադադարի խախտումներ չեն արձանագրվում:

Մենք միշտ արձանագրում ենք հրադադարի խախտումները, երբ դրանք տեղի են ունենում մեր ներկայությամբ: Այլապես մենք հիմնվում ենք տեղում հրամանատարների կողմից մեզ տրամադրված տեղեկատվության վրա:

Կցանկանայի վերահաստատել, որ մենք միջադեպերի հետաքննություն անցկացնելու համար մանդատ չունենք: Ապրիլյան բախումներին հետևած վեց ամիսների ընթացքում Մինսկի խմբի համանախագահներն առանց ջանք խնայելու աշխատել են իրավիճակի կայունացման և բանակցություններն առաջ մղելու ուղղությամբ, իսկ մշտադիտարկման արդյունքում տրամադրված տեղեկատվությունն այս գործընթացի անհրաժեշտ մասն է: Այս ջանքերը շարունակական են»:

Back to top button