ՀասարակությունՄշակույթ

Վերջին 10 տարում Հայաստանում գրադարանների թիվը պակասել է 30 տոկոսով

hasmikmartirosyan

ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2004 թվականից հոկտեմբերի 7-ին նշվում է Գրադարանավարի օրը։ Վերջին տվյալներով՝ հանրապետությունում այսօր գործում է 834 գրադարան, որից 10-ը մարզային ենթակայության են։ Դեռ շարունակում են անմխիթար վիճակում գործել որոշ գրադարաններ՝ հատկապես մարզերում: Չնայած, որ  վերջին տարիներին պետական միջոցներով որոշները վերանորոգվել են, պայմաններն առավել բարելավվել են, սակայն այս դեպքում էլ գրադարանները չունեն ընթերցողներ, թարմացվող գրականություն: Ինչո՞վ են տարբերվում մարզային, համայնքային և քաղաքային գրադարանները, որո՞նք են խնդիրների տարբերությունները, ո՞ր սերունդն է այսօր գիրք կարդում և արդյո՞ք գրադարաններում ստեղծված մթնոլորտն ու պայմանները գրավիչ են ընթերցողի համար:

 

2005 թվականին ՀՀ հանրապետությունում գործել է 1315 գրադարան, որից այսօր ընթերցասերների առջև իր դուռն է բացում 834-ը: Ինչո՞ւ է պակասում գրադարանների թիվը, արդյո՞ք այսօր առցանց ընթերցանությունը ստվերում է գիրք թերթելու հաճելի ցանկությունը: Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, համեմատելով արտերկրում և մեր երկրում գործող պահոցների ընդհանրությունները, ցավով նշեց, որ տարբերությունները շատ են՝ նոր գրքերով համալրումից մինչև բարեկեցիկ պայմաններ, ու ամենակարևորը՝ հոգածություն և ներդրումներ: Տիգրան Զարգարյանն ասվածը հիմնավորում է մարզերում գրադարանների անմխիթար վիճակով:

«Եթե համայնքապետը ընթերցասեր է ու կարևորում է գրքի դերը, ապա այդ համայնքում գործում է բարելավված պայմաններով ու համեմատաբար նոր գրքերի համալրմամբ գրադարան, իսկ եթե գյուղապետի համար նյութը առավել է գրքից, ապա այդ համայնքներում փակվում են պահոցներն ու գրադարանավարի հաստիքն օգտագործվում միայն որպես հաստիք»,- ընդգծում է Տիգրան Զարգարյանը:

Չնայած, որ այսօր գրադարանավարի աշխատավարձը գայթակղիչ չէ, այն կազմում է միջինը 80 հազար, գրագետ գրադարանավարների կարիք ունեն որոշ պահոցներ։ Իսկ ահա Ազգային գրադարանում վիճակը բոլորովին այլ է, այստեղ վերջին տարիներին մշակվել են որոշ ծրագրեր, որոնց իրականացմամբ ամրապնդվել և վստահելի է դարձել ընթերցող-գրադարանավար կապը: «Բարեհամբյուր անհատական մոտեցում, հետադարձ կապի պահպանում, փնտրվող գրականության տրամադրում նաեւ այլ պահոցներից, մտերմիկ միջավայր»,- Ազգային գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանն է թվարկում այն առանձնահատկությունները, որոնց շնորհիվ գրադարանն այսօր ունի օրական 400-600 այցելու-ընթերցող:

Պայմանները գրավիչ դարձնելու զուգահեռ՝ գրադարաններն այսօր կարիք ունեն ժամանակակից նորացված գրականության։ Թեեւ գրադարանների գործունեությունը կարգավորող օրենքը սահմանում է, որ և հրատարակչությունը, և գրողը պետք է գրքի մեկ օրինակ նվիրաբերի գրադարանին, սակայն այն չի կատարվում։ Մասնավորապես հրատարակիչները դա պայմանավորում են ֆինանսական կորստով, որը ոչ ոք չի փոխհատուցի։ Խնդիրը կա եւ լուծում կստանա միայն օրենսդրական կարգավորման դեպքում՝ ասում է Ազգային գրադարանի մյուս փոխտնօրենը՝ Հասմիկ Ղազարյանը:

Back to top button