Հասարակություն

Փոխնախարար. Հայաստանը երրորդն է Եվրոպայում` Սիրիայից փախստականներ ընդունող երկրների շարքում

«Հայաստանը, ապաստան տրամադրելով ավելի քան 20 հազար փախստականների, բնակչության թվի հարաբերակցությամբ երրորդն է Եվրոպայում` Սիրիայից փախստականներ ընդունող երկրների շարքում»:

Հոկտեմբերի 3-7-ը Ժնևում ընթացող ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեի 67-րդ նստաշրջանին իր ելույթում նշել է ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Նա անդրադարձել է Ադրբեջանից գաղթած հայ փախստականների խնդրին, ովքեր Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով ստիպված էին լքել իրենց տները՝ դառնալով փախստականներ։

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նախարարի տեղակալը ներկայացրել է նաև այս տարվա ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն ուղեկցվեց միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով:
ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն իր ելույթում անդրադարձել է փախստականներին առնչվող գլոբալ մարտահրավերներին` ընդգծելով ՀՀ պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը Բարձր հանձնակատարի գրասենյակի հետ` տեղահանված անձանց կարիքները հոգալու և փախստականներին ու ապաստան հայցողներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։

Արձագանքելով ՀՀ պատվիրակության ելույթին՝ Բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդին նշել է, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը շարունակելու է աջակցել տարածաշրջանում տեղահանված անձանց խնդիրների լուծմանը` կարևորելով ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը և աջակցություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Back to top button