Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարին

Հոկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, շնորհավորելով պրն. Վ. Մարտիրոսյանին այս պատասխանատու պաշտոնում նշանակման կապակցությամբ, վստահություն հայտնեց, որ վերջինս իր ծառայության ընթացքում Երկնավորի օրհնությամբ կկարողանա բազում օգտակար ձեռքբերումներ արձանագրել` ի նպաստ Հայրենիքի առաջընթացի:

Այնուհետև երախտագիտության խոսք ասաց նախարար Վ. Մարտիրոսյանը և Վեհափառ Հայրապետին ներկայացրեց իր տեսլականներն ու առաջիկա ծրագրերը:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին և առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված միջոցառումներին: Մասնավորապես խոսվեց երկրի ապագայի համար մեծ կարևորություն ներկայացնող տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման անհրաժեշտության մասին:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Back to top button