Քաղաքական

ԱԺ- ն ընտրում է նոր ԿԸՀ` ընտրական գործընթացների առումով բավականին ծանրաբեռնված ժամանակահատվածում

lenabadeyan

Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ այսուհետ ԿԸՀ նախագահին եւ ԿԸՀ անդամներին պետք է ընտրի Ազգային ժողովը: Վերջին ՏԻՄ ընտրությունները, ըստ էության, բառի ուղիղ իմաստով վերջինն էին գործող ԿԸՀ կազմի համար: Այսօր արդեն Ազգային ժողովում քննարկվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Քննարկման ընթացքից պարզ դարձավ, որ խորհրդարանական մեծամասնությունը լուրջ փոփոխություններ այս հարցում չի ծրագրել։ Առաջարկվում է ԿԸՀ կազմը թողնել անփոփոխ: Հիշեցնենք, որ հարցի առնչությամբ քվեարկությունը կազմակերպվելու է վաղը:  

 

Առաջիկա մի քանի տարվա ընթացքում համապետական ընտրությունների կազմակերպման «ղեկը» խորհրդարանական մեծամասնությունը կրկին պատրաստ է վստահել Տիգրան Մուկուչյանին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար միակ թեկնածուն հենց նա է, ում էլ առաջադրեց պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Առաջադրված թեկնածուի փորձը խորհրդարանում հիշեց նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: «2011 թվականից դուք աշխատում եք ԿԸՀ նախագահ: Այդ ընթացքում տեղի են ունեցել խայտառակ ընտրություններ՝ 2012 թ., 2013թ., 2015թ., հանրաքվեն, էլ չեմ ասում, բազմաթիվ ՏԻՄ ընտրություններ: Բոլոր դրանք անաստված ձեւով կեղծվել են»:

Այս առումով խորհրդարանում այսօր ուշադրության կենտրոնում էր ԿԸՀ հանդեպ  հանրության վստահության բարձրացման անհրաժեշտության հարցը։ Հանձնաժողովն ունի  «խիստ բացասական ռեյտինգ»՝ նշում էին որոշ պատգամավորները: Եթե Լյուդմիլա Սարգսյանը խնդիրը դիտարկում էր գլոբալ  առումով, ապա Ստեփան Մարգարյանը դիմում էր թարմ օրինակների՝ ՏԻՄ վերջին ընտրություններից։

Այսօր ամենատարածված խախտումը «կարուսել» կոչվածն է՝ ահազանգում են պատգամավորները՝ նաեւ վերջին ընտրությունների օրինակները բերելով: Դրան ի պատասխան Տիգրան Մուկուչյանը նշեց. «Մենք գնացինք նրան, որ այդ քվեախցերն այլեւս վարագույրներով չեն, դրանք ավելի բաց են, որպեսզի հնարավոր լինի տեսանելի, ընկալելի դարձնել ամեն տեսակի իրավախախտումները, որոնք կարող էին տեղի ունենալ: Իմ կարծիքով՝ դա էր պատճառը, որ հնարավոր է լինում նույն քվեաթերթիկը լուսանկարահանողներին համապատասխան վերաբերմունքի արժանացնել, անմիջապես փաստել, տեղում հանձնել իրավապահներին եւ այլն: Այս ընտրությունների ժամանակ էլ՝ եզակի 1-2 դեպք ունեցել ենք եւ արագ եղել է արձագանքը: Ես այս պարագայում, անկեղծ, էլ չեմ պատկերացնում ուրիշ ինչ կարելի է անել, որպեսզի հնարավոր լինի դա կանխել»:

Տիգրան Մուկուչյանը գիտակցում է, որ ԿԸՀ-ն կազմավորվում է ընտրական գործընթացների առումով բավականին ծանրաբեռնված ժամանակահատվածում: Շրջանառության մեջ է դրվելու նոր ընտրական օրենսգիրքը, որը պարունակում է  բազմաթիվ նոր իրավակարգավորումներ, նոր տեխնոլոգիաների կիրառում եւ նոր մոտեցումներ, որոնք էլ պահանջում են աշխատանքի կազմակերպման նոր մեթոդներ:

Առաջիկայում պետք է ընդունվեն մոտ 5 տասնյակ նոր որոշումներ՝ իրավահարաբերությունների լիարժեք և ամբողջական կանոնակարգում իրականացնելու համար: Առաջին խոշոր ընտրությունը, որ կկազմակերպի նոր ԿԸՀ-ն նոր ԸՕ-ով, 2017-ի խորհրդարանական ընտրություններն են, որոնք էլ ազդարարելու են ՀՀ ողջ կառավարման համակարգի փոփոխությունը:

Back to top button