Վերլուծական

Հայաստանին թռիչք է պետք. արդյոք կապահովի այն նոր կառավարությունը

karenghazaryan
Ի՞նչ սպասել նոր կառավարությունից. Կառավարության ձեւավորման եւ նրանից սպասելիքների մասին քննարկում է այսօր կազմակերպել «Մեդիա կենտրոն» մամուլի ակումբը: Քննարկման մասնակիցները կարծիք են հայտնել, որ ձեւավորված կառավարությունը կաշխատի մինչեւ խորհրդարանական ընտրություններ: Ըստ քննարկման մասնակիցների՝ կառավարության ներկայացնելիք ծրագիրը գուցե զարմացնի, սակայն, այն, բոլոր դեպքերում, կլինի դեկլարատիվ բնույթի: Բանախոսները շեշտել են, որ եթե չկա քաղաքական թիմ, ապա չի կարող լինել նաեւ քաղաքական ծրագիր: Նման պայմաններում կառավարության ծրագիրը կարող է ընդամենը մի քիչ արդյունավետ դարձնել կառավարումը:

Կոռուպցիա, տնտեսական անկում, մեծացող արտաքին պարտք — Հայաստանում այս իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է նպատակ ունեցող նվիրյալների թիմ: Ձեւակերպումը Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Ավետիք Իշխանյանինն է: Նա կարծում է, որ Հայաստանին թռիչք է պետք, սակայն, կասկածում, որ վարչապետ Կարեն Կարապետյանի ձեւավորած կառավարությունը կկարողանա դա իրականացնել, քանի որ ԱԺ-ում չունի հենարան, իսկ նման բարեփոխումներ անելու համար համակարգի ամենակարեւոր կետերին պետք է կպչի:

«Արդյո՞ք նա ազատ է իր որոշումները կայացնելու մեջ, արդյո՞ք տրված է այդ քարտ-բլանշը, արդյո՞կ կառավարությունը կազմեց այնպես, ինչպես ինքն էր ուզում՝ իր համախոհներով եւ ունե՞ր արդյոք այդ համախոհները: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ես չեմ ուզում տալ: Հռետորական եմ բարձրացնում հարցերը»:

Քաղաքական կամքը բավարար չէ տնտեսական հաջողությունների համար, այնումանեայնիվ, նման եզրահանգում արեց Ավետիք Իշխանյանը: Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսության առջեւ կանգնած բոլոր խնդիրներն ունեն զուտ քաղաքական պատճառներ:

«Հետեւաբար, քաղաքական խնդիրները կարող է լուծել միայն քաղաքական թիմը: Քաղաքական խնդիրը ունենում է միայն քաղաքական լուծումներ: Ահա, եկել է մի կառավարություն, որտեղ տեխնոկրատներ են, մենեջերներ են, համենայնդեպս, քաղաքական թիմ չէ: Ոչ քաղաքական թիմը չի կարող լուծել քաղաքական խնդիրներ: Սա ակնհայտ է»:

Վերլուծաբանը կառավարության ձեւավորումը համարում է կտրուկ ու դիտարժան փոփոխություններ, սակայն հավելում, որ այս փոփոխություններով հասարակությանը հույսեր ներշնչվեցին, եւ հեռացվեցին քաղաքական փոփոխությունները երկրում: Տնտեսական վիճակը կարող է բարելավվել, եթե երկրում լինեն քաղաքական փոփոխություններ՝ եզրահանգում կատարեց քաղաքական վերլուծաբանը:

Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը փոփոխությունները դիտարկում է նաեւ սպասվող խորհրդարանական ընտրությունների համատեքստում:

«Եթե ժողովուրդը չի կարողանում ձեւավորել իշխանություն, իշխանություն ձեւավորում են այն ուժերը կամ կենտրոնները, որոնք շահագրգիռ են: Շատ նման է բաց բաժնետիրական ընկերության ղեկավար մարմնի ձեւավորման սկզբունքին: Այդ իսկ պատճառով մենք կարող ենք ասել, որ սա ոչ թե արհեստավարժ ղեկավարություն է, այլ, այսպես ասած, տարբեր բաժնետերերի շահերը ներկայացնող միավորում է, որը կգնա եւ բարեփոխում կանի այնքան, որքան որ բաժնետերերը կցանկանան: Կասեն՝ վերացրու ամբողջովին մենաշնորհը, կվերացնի, կասեն՝ 5 տոկոս…. Ձեւավորման սկզբունքը մոտավորապես սա էր»:

«Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանի կարծիքով նույնպես կառավարման ձեւավորման խնդրում արտաքին գործոնները դեր են խաղացել, ըստ նրա, մասնավորապես, արտգործնախարարի վերանշանակման պարագայում, ինչը նա սխալ է համարում: Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարին, ապա, ըստ Պապյանի, Վիգեն Սարգսյանի նշանակմամբ պաշտպանության նախարարության մեջ դիվանագիտության բաղադրիչն է  մեծացվում, ինչն ակնհայտ էր դարձել դեռ ապրիլյան պատերազմից հետո՝ արտգործնախարարության անգործության պայմաններում՝ ձեւակերպեց Արա Պապյանը:

«Համակարգից չլինելը շատ ավելի լավ է: Չունի կապվածությունը տարբեր գեներալների հետ»:

Անդրադառնալով ձեւավորված կառավարությունից սպասելիքներին՝ Արա Պապյանը կարծիք հայտնեց, որ վարչապետի համակրելի լինելը չի ազդելու աշխատանքի վրա: Նա համակարծիք է, որ հարցն ունի քաղաքական հենք: Հետեւաբար, նա նույնպես այն համոզմունքին է, որ քանի դեռ քաղաքական ուղղվածություն չի փոխվել՝ տնտեսական վիճակի բարելավում սպասել հնարավոր չէ:

Back to top button