Հասարակություն

Լրագրողին խոչընդոտելու դեպքով նախապատրաստվող նյութերն ուղարկվել են ՀՔԾ

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրեին Կուտական համայնքում ընտրակաշառքի և հոկտեմբերի 2-ին՝ քվեարկության օրը լրագրող Շողիկ Գալստյանին խոչընդոտելու վերաբերյալ նախապատաստվող նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։ Այդ մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։

«2016թ. հոկտեմբերի 2-ին Վանաձոր քաղաքի թիվ 30/47 ընտրատեղամասում նույն քաղաքի բնակչուհի Մ.Ա-ի կողմից «Araratnews.am» լրատվական կայքի լրագրող Շ.Գ.-ի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի ղեկավարի թեկնածու Մ.Խ-ի կողմից ընտրության նախօրեին նույն համայնքի բնակիչ Լ.Մ-ին՝ իր օգտին քվեարկելու համար 20.000 ՀՀ դրամ ընտրակաշառք տալու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի  Լոռու և ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություններում նախապատրաստվող նյութերը ՀՀ գլխավոր դատախազության կողմից պահանջվել և ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացք տալու հանձնարարությամբ», -նշվում է դատախազության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ քվեարկության օրը Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասում քաղաքացիական անձինք հարձակվել են araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանի վրա, խոչընդոտել նրա աշխատանքը, վիրավորել, ջարդել հեռախոսը, որով նա նկարահանումներ էր իրականացնում։

Իսկ Կուտականում ընտրակաշառք տալու դեպքի մասին տեղեկացրել էր ոստիկանությունը, նշեով, որ Կուտական համայնքի ղեկավարի տեղակալից ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կուտական համայնքի ղեկավարի թեկնածու Միքայել Խաչատրյանը 20.000 դրամ ընտրակաշառք է տվել նույն համայնքի բնակիչ Լ.-ին:

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 19.25-ին, Կուտական գյուղի միջնակարգ դպրոցի բակում նույն գյուղի բնակիչ Միքայել Խաչատրյանը Լ.-ին տվել է 20.000 դրամ՝ ասելով, որ հոկտեմբերի 2-ին կայանալիք Կուտական համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ քվեարկի իր օգտին:

Back to top button