Քաղաքական

Ինչպես են ՏԻՄ ընտրությունները գնահատում խորհրդարանական ուժերը

lenabadeyan

Հետեւություններ երեկվա ՏԻՄ ընտրություններից: Բացի օրենսդրական աշխատանքից Աժ-ում այսօր պատգամավորները փորձում էին գնահատել վերջին ընտրությունը՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ: Շատերն այսօր չէին թաքցնում, որ որոշ չափով սա փորձ էր, որը արձանագրեց ինչպես սպասելի, այնպես էլ անսպասելի արդյունքներ:   

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի հերքում, որ Սեւանում քաղաքապետ է ընտրվել իր մանկության ընկերը, բայց դա որեւէ ազդեցություն չի ունեցել գործընթացներում: Ասում է՝ «ընտրությունները մրցակցային էին եւ քաղաքական»:

Էդուարդ Շարմազանովն այսօր արդեն ուղիղ կապ է տեսնում երեկվա եւ խորհրդարանական 2017-ի ընտրությունների միջեւ ու անցումը խորհրդարանական համակարգի դրական է գնահատում։ Նույն կարծիքին չէ «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը: Մեկ ամսական կուսակցության արձանագրած արդյունքը վատը չի համարում, թեեւ մեծ հաշվով լուրջ հաջողություններ չեն եղել: Բայց մտահոգիչ միտումներ գլոբալ առումով արդեն նկատել է՝ ասում է «ստացվեց ինչպես միշտ՝ ասում է:

Երեկվա ընտրություններից ԲՀԿ-ն մասնակի գոհ է։ Նախ Գյումրիում՝ հանրապետականներից հետո ձայների քանակով երկրորդն է, եւ պակաս կարեւոր չէ, որ զգալի առաջ է երբեմնի գործընկերներից՝ ԲՀԿ-ից անջատված եւ «Համախմբում» կուսակցությունը հիմնածներից: Բայց այսքանով երջանկությունը կատարյալ լինել չի կարող: Վանաձորի ցուցանիշներից դժգոհ են, թեեւ հաջողվել է հաղթահարել ավագանիում ընդգրկվելու արգելքը: Միքայել Մելքումյանի հավաստմամբ՝ ակնկալում են, որ բողոքարկման փուլից հետո, օրինակ՝ Գյումրիում իրավիճակ կարող է փոխվել:

Այս ընտրությունների անակնկալը թերեւս Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «ծանր պարտությունն է», ինչպես անձամբ կատարվածը բնորոշեց Աժ պատգամավորը: Ընտրակեղծիքների  կոնկրետ մեղադրանքներ Փաշինյանը չի պատրաստվում հնչեցնել, ինչպես նաեւ չի շտապում ի ցույց դնել իրենց գործած սխալները: Կարծում է՝ դեռ երկար վերլուծության անհրաժեշտություն կա:

Երեկվա ընտրություններից հետո Փաշինյանը շարունակում է պնդել սեպտեմբերի 10-ի իր ելույթի դրույթը: «Շարունակում եմ պնդել, որ առանց ժողովրդի կամարտահայտման իշխանափոխություն անել հնարավոր չէ: Ինձ մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք մարդիկ ընդհանրապես ուզում են փոփոխություններ, թե՞ մարդիկ համակերպվել են իրողության հետ եւ յոլա գնալը դարձել է… կամ էլ մեր մեջ է պրոբլեմը, կամ էլ՝ մի քիչ, մի քիչ»:

Լրագրողների հետ զրույցում Փաշինյանն այսօր ասաց՝ գործոնը, միեւնույնն է, ժողովուրդն է: Տեսել է՝ մարդիկ գնացել են ընտրության, քվեարկել, քվեաթերթիկը գցել են քվեատուփը: Իսկ ժողովրդի անկանխատեսելի քվեարկության ականատեսը եղել է անձամբ: 65- ամյա գյումրեցի տիկինը մոտեցել է Փաշինյանին՝ ասելով, որ ընդունում է իրեն իբրեւ սեփական տղայի, հետո էլ անկեղծացել՝ այնուամենայնիվ ընտրել է Բալասանյանին: Թերեւս առաջին հետեւությունը, որ արել է Փաշինյանը՝ քանի դեռ Հայաստանում չի ձեւավորվել մեկ ինստիտուցիոնալ ընդդիմություն, Հայաստանում չի լինելու ժողովրդավարական իշխանափոխություն:

Իսկ թե ինչու ընդդիմադիրները չկարողացան այս անգամ միախմբվել՝ ընտրողների ձայները չփոշիացնելու համար, շատ պարզ բացատրեց. իր քաղաքական կենսագրությունից է նույնիսկ բխում՝ ընդդիմության դաշտում չի կարող համագործակցել որոշ ուժերի հետ:

Back to top button