Տնտեսական

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունն զգալի առաջընթաց է արձանագրել Հայաստանում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաիին:

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին Հայաստանում և բարձր գնահատել կազմակերպության՝ որպես զբոսաշրջության բնագավառում հիմնական միջազգային ֆորումի դերն ու նշանակությունը: Կարևորելով կազմակերպության հետ մեր երկրի երկարամյա և արդյունավետ համագործակցությունը՝ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաիի հերթական այցը նոր խթան կհաղորդի այդ համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը:

Նախագահը ողջունել է ՄԱԿ-ի ԶՀԿ աֆիլացված անդամների 38-րդ նստաշրջանի անցկացումը Հայաստանում և նշել, որ միջոցառումը նաև լավ առիթ է հայկական պատմամշակութային հարուստ ժառանգությանը տեղում ծանոթանալու համար:

Հանդիպմանը ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաին նախագահ Սարգսյանին ներկայացրել է Հայաստանում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ԶՀԿ-ի հետ փոխգործակցությամբ մինչ այժմ իրականացված ծրագրերը՝ ընդգծելով, որ այդ փոխգործակցությունը շարունակելու և ավելի ամրապնդելու համար լավ հիմքեր են ստեղծված:

Նրա գնահատմամբ, վերջին մի քանի տարիներին զգալի առաջընթաց է արձանագրվել ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ՝ սկսած օդանավակայանից: Թալեբ Ռիֆաին ՀՀ նախագահի հետ հանդիպմանն իր պատկերացումներն ու առաջարկություններն է ներկայացրել Հայաստանի զբոսաշրջային ներուժի լիարժեք օգտագործման և երկիրն իր բոլոր առավելություններով ու գրավչությամբ ներկայացնելու ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:

Back to top button