Քաղաքական

ՀՀԿ-ին բավարարում են ՏԻՄ ընտրությունների որակն ու արդյունքները.Արմեն Աշոտյան

karenghazaryan
Ընտրությունների որակն ու արդյունքներն ամբողջությամբ բավարարում են ՀՀԿ-ին: ՏԻՄ ընտրությունները փաստեցին, որ ՀՀԿ-ն մնում է Հայաստանի քաղաքական առաջատարը եւ այս ընտրությունները պատասխան էին այն հոռետեսներին, ովքեր 15 տարի է, ինչ կանխատեսում են ՀՀԿ-ի քաղաքական պարտությունները: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով երեկ կայացած ընտրությունների նախնական արդյունքները: ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ այս ընտրություններում եւս մեկ քայլով գործողության մեջ դրվեց նոր Սահմանադրությունը եւ փաստվեց, որ այն տալիս է բազմակարծիք քաղաքական համակարգի հնարավորություն: Այս տեսակետից էլ արձանագրվեց հսկայական փոփոխություն քաղաքական մշակույթի տեսակետից:

Երեկ 292 համայնքում կայացած ընտրություններում ՀՀԿ-ն միայն իր անդամներով հաղթանակ է տարել համայնքների 60 տոկոսից ավելիում՝ 176 համայնքում: ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանի խոսքով, այսպիսով, ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում պահպանել է իր ղեկավար դերն ու կշիռը տեղական ինքնակառավարման մարմիններում: Այս արդյունքների մեջ, Աշոտյանի խոսքով, չեն մտնում այն տասնյակ համայնքները, որոնցում կուսակցությունը առաջադրել եւ սատարել է անկուսակցական թեկնածուների: ՀՀԿ-ն ՏԻՄ ընտրություններից գոհ է ոչ միայն քաղաքական արդյունքների, այլ նաեւ քաղաքական մշակույթի տեսանկյունից:

«Իրականում, բոլոր խնդիրներով հանդերձ, որոնք ուղեկցում են մեր տարբեր տիպի ընտրությունները, աներկբա է, որ այս ընտրությունները եղել են որակապես շատ ավելի բարվոք: Դրանք եղել են քաղաքական մշակույթի նոր ձեւերի դրսեւորման ընտրություններ: Խոսքը եւ քարոզարշավի, եւ ընտրական գործընթացի, եւ, հոսով եմ, նաեւ հետընտրական զարգացումների մասին է»:

Քաղաքական նոր որակի այս մշակույթն, ըստ Արմեն Աշոտյանի պայմանավորված է նաեւ նոր Սահմանադրությամբ, որը փաստացի եւս մեկ քայլով գործի դրվեց ՏԻՄ ընտրություններում: Այս առումով ՀՀԿ-ում կարեւորում են հատկապես Գյումրիում եւ Վանաձորում իրենց հաղթանակը, քանի որ այս երկու քաղաքները համարվում էին այս ընտրությունների առանցքը՝ հասարակական ուշադրության առումով եւ կարեւորվում խորհրդարանական գալիք ընտրություններից առաջ:

«Փաստենք, որ ՀՀԿ-ն, ինքը փոփոխվելով եւ փոխելով, ունակ է փոփոխություններ առաջադրել եւ իրականացնել ամբողջ երկրում: Սա քաղաքական մշակույթի կարեւոր ձեռքբերումներից մեկն է: Եթե մենք ունակ չլինեինք փոխվել ինքներս, մենք ունակ չէին լինի առաջնորդել փոփոխություններ»:

Ասածը պատկերավորելու համար՝ ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ Վանաձորի ընտրությունների մասով անգամ ընդդիմադիր ակտիվիստներից մեն է իրեն ուղղված անձնական նամակով դրական գնահատական տվել: Վանաձորում եւ Գյումրիում արձանագրված արդյունքներով էլ ՀՀԿ փոխնախագահի խոսքով, կարելի է արձանագրել, որ երկրորդ եւ երրորդ քաղաքներում ՀՀԿ-ն եւ իր սատարած թեկնածուները ստանում են ժողովրդի վստահության քվեն եւ ՏԻ մարմիններում ձեւավորելու են համապատասխան կառավարման թիմեր, ենթաթիմեր: Անդրադառնալով այլ քաղաքական թիմերի պահվածքին եւ արդյունքներին՝ Արմեն Աշոտյանը նկատեց, որ դեռեւս վաղ էր ԲՀԿ-ին եւ Հայկական Վերածնունդ կուսակցությանը խաղից դուրս համարելը, քանի որ պարզվեց, որ նրանք համապատասխանաբար երկրորդ եւ երորդ արդյունքներն են արձանագրել: Նոր քաղաքական խաղացողներ համարվող Լուսավոր Հայաստանի ու ԳԱԼԱ-ի հաջողություններն էլ, Աշոտյանի գնահատմամբ, տվյալ փուլում լոկալ բնույթի էին:

Լուսավոր Հայաստանի թեկնածուներն էլ ամբողջ հանրապետությունով մեկ պարտվել են: ՀՀԿ փոխնախագահը նաեւ կարծիք հայտնեց, թե քաղաքական հետագա ամբիցիաների համար օբյեկտիվ հիմքեր չունի նաեւ նախկին արտգործնախարարի հիմնադրած «Համախմբում» կուսակցությունը: Թե ինչպիսի ռազմա եւ մարտավարություն կդրսեւորի հետագայում այս ուժը՝ Աշոտյանը չէր կարող ասել, միայն վստահաբար պնդեց, թե՝ «այս քաղաքական նախագիծը ձախողվեց չծնված»:

Back to top button