Հասարակություն

Ուրուգվայի համալսարանի ռեկտորն այցելել է Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հոկտեմբերի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանի գլխավորած պատվիրակությունը:

Հյուրերին ընդունել է Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը` Նաթան Սրբազանն ուրախությամբ նշել է, որ մեծ հպարտություն է համայն հայության հոգևոր կենտրոնում ընդունել Ուրուգվայի կարևորագույն կրթական հաստատություններից մեկի ղեկավար հայազգի գիտնականին, ով իր տեսանելի ավանդն է ներդրել երկրի կրթական համակարգի զարգացման գործում:

Սրբազան Հայրը հյուրին ներկայացրել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի առաքելությունը հայ ժողովրդի կյանքում և ներկայիս գործունեությունը տարբեր ոլորտներում: Անդրադառնալով կրթության և դաստիարակության ոլորտում Հայ Եկեղեցու կողմից իրագործվող ծրագրերին և Մայր Աթոռի հովանու ներքո գտնվող կրթական հաստատությունների գործունեությանը` Նաթան արքեպիսկոպոսը մեծապես կարևորեց երիտասարդության հետ տարվող աշխատանքները:

Իր հերթին տիար Ռոբերտո Մարկարյանն իր լավագույն բարեմաղթանքներն ու ողջույնները փոխանցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Վերջինս, կարևորելով կրթության անհրաժեշտությունը, ուրախությամբ նշեց, որ այսօր երկու երկրների միջև ակտիվորեն սերտանում է համագործակցությունը կրթության ոլորտում:

Ռեկտորը գոհունակությամբ անդրադարձել է նաև ուրուգվայահայության կյանքին, ինչպես նաև Ուրուգվայում պետական մակարդակով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման գործում հայ համայնքի ունեցած կարևորագույն դերակատարությանը:

Վերջում Նաթան Սրբազանը Ուրուգվայի համալսարանի ռեկտորին մաղթել է արգասավոր գործունեություն:

Back to top button