Վաղը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի 375 համայնքներում։ Դրանից բացի՝ Գյումրիում եւ Վանաձորում կանցկացվեն ավագանու ընտրություններ՝ նոր կարգով։ Հանրապետության երկրորդ եւ երրորդ քաղաքներում ընտրություններն անցնելու են այն կարգով, ինչպես անցկացվում է Երեւանում։
Քաղաքացիները ընտրելու են ոչ թե անձերի, այլ քաղաքական ուժերի, և հաղթող քաղաքական ուժն էլ առաջիկա 5 տարիների ընթացքում կստանձնի այդ քաղաքների ղեկավարումը։
Հենց այս ընտրակարգն էլ խթանել է, որ քաղաքական ուժերը ակտիվ մասնակցեն դրան։ Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 9 կուսակցություն և մեկ դաշինք. «Ալյանս առաջադիմական ցենտրիստական», «Բարգավաճ Հայաստան», «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ), «Գյումրեցու ոգի», «Գործարար», «Համախմբում», «Հայ ազգային կոնգրես», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններն ու «Բալասանյան» դաշինքը։ Վերջինին սատարում է իշխող ՀՀԿ- ն։
Վանաձորում ընտրություններին մասնակցում է 8 կուսակցություն. «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան, «Համախմբում», «Հայ ազգային կոնգրես», «Հայ հեղափոխական դաշնակցություն», հանրապետական, «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Դե իսկ ընտրական օրենսգրքի համաձայն՝ այսօր լռության օր է։