Տնտեսական

ԿԲ. Մինչեւ տարեվերջ կունենանք ավելի կայուն ֆինանսական համակարգ

karenghazaryan

2016 թվականի ընթացքում ֆինանսական համակարգն ընդհանրապես եւ բանկային համակարգը՝ մասնավորապես, ցուցաբերել է բավականին դրական առաջխաղացում` վստահեցնում է ԿԲ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը՝ խոսելով Ֆինանսական համակարգի ընդհանուր զարգացումների մասին: Նրա փոխանցմամբ՝ դրական առաջխաղացում կա ինչպես ակտիվների որակի փոփոխությունների, այնպես էլ այն կանոնակարգման փոփոխությունների հետ կապված, որոնք ԿԲ-ն նախաձեռնել էր դեռեւս 2014 թվականի վերջերից: Այսպիսով, Հայաստանում բանկային համակարգը շարունակում է մնալ բավականին կայուն՝ հավաստիացնում են ԿԲ ներկայացուցիչները: Նրանք վստահեցնում են, որ մինչեւ տարեվերջ կունենանք ավելի կայուն ֆինանսական համակարգ:  

 

Բանկային համակարգի զարգացումները ցույց են տալիս, որ աճ է արձանագրվել ինչպես վարկերի, այնպես էլ՝ ավանդների մեջ՝ ընդհանրապես, տեղեկացնում է ԿԲ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը: «Բավականին դրական ցուցանիշ է այստեղ նկատվում՝ ունենք եւ ֆիզիկական անձանց ավանդների աճ, ե՛ւ իրավաբանական անձանց ավանդների աճ: Ընդ որում՝ ֆիզիկական անձանց կողմից թե դրամով, թե արտարժույթով ավանդների աճն էլ խոսում է նաեւ ֆիզիկական անձանց վստահության մասին մեր բանկային համակարգի նկատմամբ»,- ասում է:

Անդրանիկ Գրիգորյանը խոսքով՝ նկատվում է նաեւ բանկերի ակտիվների տեսանկյունից բավական աճ՝ հատկապես վարկերի առումով: Դրանք տարբեր ոլորտների բավական մեծ դիվերսիֆիկացիա ունեն՝ տրամադրված վարկերի առումով, ներառյալ սպառողական, հիփոթեքային եւ բիզնես վարկերը: Այսինքն, այդ առումով էլ բավականին դրական միտումներ կան՝ հավաստիացնում է ԿԲ-ի պաշտոնյան:

Բանկային համակարգում կապիտալի հետ կապված զարգացումներին անդրադառնալով՝ Կենտրոնական դրամատան ներկայացուցիչը հիշեցրեց, որ ներկայումս բավականին ակտիվ գործընթացներ կան եւ էական ծավալի կապիտալ է համալրվել մի քանի բանկերի կողմից: «Տեղի է ունենում միաձուլումների գործընթաց բանկային համակարգում: Շատ կարճ ժամանակահատվածում կլսեք եւս մի քանի բանկի մասին՝ կապիտալների համալրումների վերաբերյալ: Դա բավական դրական ցուցանիշ է մեզ համար, որ բանկերը հաջողացնում են համալրել կապիտալը, եւ ինչպես ցույց տվեց մեզ պատմությունը, դա, երեւի թե, բավական հաջող ու սահուն  իրականացված գործընթաց էր, որ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում»:

Դրական քայլերից մեկի մասին էլ խոսում է ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը: «Ընդլայնել ենք այն միջազգային կազմակերպությունների ցանկը, որոնցից ներգրավված միջոցները համարվում են երկարաժամկետ եւ ենթակա են ավելի ցածր դրույթով պահեստավորման: Երեքով ավելացել է այդ ընկերությունների ցանկը»:

Միջազգային կառույցները նույնպես անդրադարձել են Հայաստանի դրամավարկային քաղաքականությանը՝ շեշտելով, որ վերջին շրջանում Հայաստանը տոկոսադրույքները թե քանակով, թե չափով ամենաշատը իջեցրած երկրների  շարքում է: Ի դեպ, անցնող շաբաթ եւս ԿԲ-ն որոշեց 0.5 տոկոսային կետով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Սա արդեն վերջին մեկ տարվա ընթացքում 9-րդ նման իջեցումն էր:

Վերջին ժամանակահատվածի դրամավարկային ընդհանուր տրամաբանությունը թելադրված է տնտեսական ընթացիկ վիճակով՝ վստահեցնում է ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը: «Կան գնանկումային ռիսկեր՝ ներքին պահանջարկի մասով: Արձագանքելով այդ տվյալներին՝ որոշում կայացվեց, որ այս անգամ նույնպես, ինչպես մայիսին, 50 բազիսային կետով ենք իջեցնում տոկոսադրույքները»:

ԿԲ- ն գնաճի վերադարձն իր նպատակին, այսինքն 4 տոկոս երեք տարվա կտրվածքով, տեսնում է աստիճանական քայլերով՝ ասաց Վահագն Գրիգորյանը՝ եզրափակելով, որ ներկա իրավիճակում ավելի արագ գնաճ ստեղծելը հասարակության համար ո՛չ օպտիմալ է, ո՛չ էլ նպատակահարմար:

Back to top button