Քաղաքական

Ունենք 16 դոլարային միլիոնատեր պատգամավորներ

lenabadeyan

5-րդ գումարման խորհրդարանն սկսել է իր նախավերջին՝ աշնանային նստաշրջանի աշխատանքը: Արդեն հաջորդ՝ գարնանային նստաշրջանը կհամընկնի նախընտրական շրջանին, ուստի «Պառլամենտմոնիթորինգ» ծրագիրն որոշել է այս անգամ ուսումնասիրել ոչ միայն խորհրդարանի ավանդական ցուցանիշները՝ ինչպես է աշխատել Աժ-ն ու պատգամավորները, այլեւ՝ նախաձեռնել է նոր ուսումնասիրությունների շարք՝ թեմատիկ ամփոփումներով: Ծրագրի հեղինակները կարծում են՝ սա լավագույն ձեւն է ամփոփելու խորհրդարանի 5 տարվա աշխատանքը: Թեմատիկ ամփոփումներով «Պառլամենտմոնիթորինգը» կանդրադառնա օրինակ՝   մեծամասնական եւ համամասնական համակարգին, պատգամավորների բացակայություններին եւ էթիկայի խնդիրներին: Իսկ թեմատիկ ամփոփումների շարքը մեկնարկեց այսօր: Ծրագրի մասնագետներն ուսումնասիրել են պատգամավորների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը:

 

ՀՀ Ազգային ժողովի 131 պատգամավորից 16-ը դոլարային միլիոնատեր է, իսկ բոլոր պատգամավորների ընդհանուր դրամական միջոցները 2015-ին կազմել է շուրջ 90 միլիոն դոլար: Սա հենց այնպես թվեր չեն, ուսումնասիրությունները հիմնված են հենց պատգամավորների ներկայացրած հայտարարագրերի վրա` ասում է «Պառլամենտմոնիթորինգ» ծրագրի փորձագետ Բաբկեն Թունյանը:

Ինչ վերաբերում է հենց պատգամավորներին, ապա ունեցած դրամական միջոցների առումով առաջին եռյակը հետեւյալն է՝ Գագիկ Ծառուկյան, Սամվել Ալեքսանյան եւ Գրիգորի Մարգարյան: Բաբկեն Թունյանի ներկայացմամբ՝ պատգամավորների կողմից դրամական միջոցների հայտարարագրված թիվը` 5- րդ գումարման խորհրդարանի ձեւավորման՝  2012 թվականի համեմատ նվազել է։ Ընդ որում՝ այդ թվի նվազումը պայմանավորված է նույն Գագիկ Ծառուկյանի դրամական միջոցների նվազմամբ:

Այդ գործչի դրամական միջոցները կազմում է բոլոր պատգամավորների ունեցած ընդհանուր գումարի 30 տոկոսը: Ուսումնասիրությունից պարզվում է, որ մեր պատգամավորները դրամական միջոցները գերադասում են պահել դրամով, դոլարով, եվրոյով, քչերը նախընտրում են նաեւ ռուսական ռուբլին եւ շվեյցարական ֆրանկը։ Պատգամավորների հիմնական եկամտի աղբյուրը փոխառություններն են: Հայտարարագիրը սակայն ազնվության գրավական չէ՝ կարծում է փորձագետ Բաբկեն Թունյանը: Օրինակ՝ պատգամավորներից 5-ն ընդհանրապես հայտարարագիր չեն ներկայացրել, իսկ երկուսը՝ չափազանց մանրամասն են հարցին մոտեցել:

«Այս ուսումնասիրությունը վեր է հանել բոլոր այն խնդիրները, որ առկա են պաշտոնյաների հայտարարագրերի հետ կապված եւ որոնք փորձ է արվում շտկել խորհրդարանի օրակարգում գտնվող օրենսդրական նախագծի օգնությամբ»,- նշում է «Պառլամենտմոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը: Ինչ վերաբերում է մոնիտորինգի ավանդական զեկույցին, ապա  գրեթե պահպանվել են նույն միտումներն ու ցուցանիշները՝ փոքր ինչ փոփոխություններով: Օրինակ՝ Գագիկ Ծառուկյանն այլեւս միայնակ չէ, որ բացակայել է բոլոր 110 քվեարկությունից, ամենաբացակայածի տիտղոսը նա այսուհետ կիսում է հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ:

«Ամենա»-ների հաջորդ պատկերը հետեւյալն է. «ամենակողմ» քվեարկածները հանրապետականներն են, «ամենադեմը»՝ «Ժառանգությունը», ամենաչկողմնորոշվածը՝ «ձեռնպահները», օրինացերկրականներն են, իսկ ամենահակասականը ԲՀԿ-ն է: Այդ խմբակցությունից է ինչպես ամենաշատը բացակայած պատգամավորը, այնպես էլ՝ ամենաակտիվը: Իր ակտիվությամբ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն այս անգամ այդ «տիտղոսը» վերցրեց օրինացերկրական Հովհաննես Մարգարյանից:

«Խորհրդարանի նախորդ նստաշրջանում 112 օրենք է ընդունել, որից 74-ը եւ ամենակարեւորներն ու սկզբունքայինները՝ արտահերթ նիստ-նստաշրջանների ընթացքում եւ միայն 5-ի հեղինակն են պատգամավորները»,- մտահոգիչ միտումները շարունակում է թվարկել «Պառլամենտմոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:

Այս իրողությունը դուր չեկավ Հանրապետական խմբակցությունից պատգամավոր, պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին: Որոշ դեպքերում կարծիքը կիսեց նաեւ Գագիկ Ջհանգիրյանը: Նրանք նշում էին, որ միշտ չէ, որ ամենաակտիվ կամ ամենաշատ ելույթ ունեցող պատգամավորի աշխատանքն ամենաարդյունավետն է։ Բանախոսները շեշտում էին, որ հիմնական աշխատանքը խորհրդարանի ծավալվում է հանձնաժողովներում եւ այստեղ աշխատող պատգամավորները միշտ չէ, որ ելույթ են ունենում լիագումար նիստերում։

Եթե «Պառլամենտմոնիտորինգի» թվերը մշտապես հուշել են պատգամավորներին իրենց թերություններն ու աշխատելու ուղղություններն, ապա պատգամավորների վերջին դիտարկումները, թերեւս «Պառլամենտմոնիտորինգ»- ին տալիս են աշխատելու նոր ուղղություններ:  Ծրագրի ղեկավարը խոստացավ՝ սա արդեն երկրորդ փուլն է, նոր խորհրդարանի աշխատանքները կփորձեն ենթարկել վերլուծության՝ պարզելով  պատգամավորների աշխատանքի արդյունավետությունը:

Back to top button