Հասարակություն

Ընտանեկան բռնության դեպքերը մտահոգիչ են.ՀԿ ներկայացուցիչներ

hasmikmartirosyan
Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը թեև շատերը չեն ընկալում որպես խնդիր, մեծ ծավալների են հասնում: Վիճակագրության համաձայն` Հայաստանում իրենց կյանքի ընթացքում երբևէ զուգընկեր ունեցած` հարցման ենթարկված կանանց շուրջ 25%-ը ենթարկվել է հոգեբանական բռնության, այդ թվում` շուրջ 10%-ը ենթարկվել է ֆիզիկական և սեռական բռնության: Ընտանեկան բռնության դեպքերը, ինչպես այսօր նշել են խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, տարեց տարի աճում են, ու խնդիրը համալիր լուծում է պահանջում՝ պետության կողմից: Տարբերվո՞ւմ է արդյոք բռնության ենթարկված կանանց թիվը մարզերում և քաղաքներում, ինչո՞ւ մինչ այսօր չունենք «Ընտանեկան բռնության մասին» օրենք, որը կկարգավորի ոստիկանության գործողությունները և կզսպի անզուսպ ամուսիններին, և արդյո՞ք այսօր բռնության ենթարկվածը դիմում է համապատասխան խնդրով զբաղվող կազմակերպությունների օգնությանը՝ չկարևորելով հասարակական կարծիքը:

Հայաստանում ընտանեկան բռնության զոհ դարձած կանայք դեռ չեն համարձակվում ճեղքել լռության պատը՝ բարձրաձայնելով կնոջ վրա ձեռք բարձրացնող տղամարդու գործողությունների մասին:Սակայն ձորձագետները հավաստիացնում են, որ հասարակությունը դանդաղորեն կոտրում է կարծրատիպերը: Իհարկե, դեռ մեծ տարբերություն կա մարզերի և մայրաքաղաքի միջեւ: Մարզերում դեռ 50 տոկոսից ավելին նույնիսկ արդարացնում է «մեղավոր կնոջ» վրա  ձեռք բարձրացնող տղամարդուն՝ պատճառաբանելով՝ մենք ընտանիք հարգող ազգ ենք, և  հայերին բնորոշ չէ տարածել ներքին խոհանոցի մանրամասները, ամոթ է: Քողարկված ամոթը, իհարկե, հղի է բռնության տարբեր դրսևորումներով, անգամ մահվան ելքով, որը վերջին տարիներին աճի միտումներ է գրանցում: Ըստ ոստիկանության 6 ամիսների տվյալների, արձանագրվել է 373 ընտանեկան բռնության դեպք նախորդ տարվա 342-ի դիմաց, դրանցից 4- ն ավարտվել է սպանությամբ։ Իսկ հասարակակական կազմակերպությունների փոխանցած թվերը այլ են՝ 2013-2015 թթ. ՀԿ-ների թեժ գծով ստացվել է ընտանեկան բռնության մասին 5171 առաջնային զանգ: Սա միայն երեք կազմակերպության տվյալներ են: Նույն ժամանակահատվածում 30 կին է սպանվել ընտանեկան բռնության հետևանքով, իսկ 45 երեխա՝ զուրկ մնացել մայրական խնամքից: Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ծրագրերի պատասխանատու Տաթևիկ Աղաբեկյանն այսօր տեղեկացրեց, 2010 թվականից կանանց իրավունքների պաշտպանության համար կոալիցիա է ստեղծվել և հռչակել են ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր, սակայն պետական մակարդակով դեռ այդ խնդրի վրա ուշադրություն չի դարձվում: «Բռնության ենթարկվածներին օգնություն տրամադրող պետական մարմիններում գործող վարչություններ բռնության ենթարկված քանի կին է դիմել, և ինչ օգնություն է ցուցաբերվել, մեզ հայտնի չէ»,- շեշտում է Տաթևիկ Աղաբեկյանը:

«Սա մեր կարևորագույն խնդիրն է, որովհետև բացի հասարակական կազմակերպություններից, այս պահին որևէ պետական կառույց, որևէ բաժին չկա, որ աջակցություն է տրամադրում բռնության ենթարկված կանանց և երեխաներին: Սա ամենացավալի հարցն է: Իրականում կառույցներ կան, սակայն պարզ չէ, թե դրանք ինչպես են իրենց գործունեությունը ծավալում, պրոֆեսիոնալ մոտեցում չկա»:

Իսկ ովքեր են հասարական կազմակերպություններից օգնություն հայցողները: Հիմնականում զանգահարում են 25-40 տարեկան կանայք: Դիմում են ոչ թե մեկ անգամ, այլ պարբերաբար բռնության ենթարկվածները, որոնք այլեւս ի վիճակի չեն հանդուրժել ստեղծված իրավիճակը։ Բռնությունները, ի դեպ, լինում են ինչպես ֆիզիկական և սեռական, այնպես էլ հոգեբանական՝ նշում է հոգեբան Լիլիթ Հայրապետյանը: Նրա տեղեկացմամբ՝ զանգերում հիմնականում գերակշռում է բռնությունների 3-րդ տեսակը՝ հոգեբանականը:

Ո՞րն է խնդիրը: Կանանց իրավունքների կենտրոնի հիմնադիր Սուսաննա Վարդանյանը կարգավորման ճանապարհներից տեսնում է «Ընտանեկան բռնության» մասին օրենքի ընդունումը: Վերջինիս բացակայությունը խոչընդոտում է մարդկանց իրավունքները ճիշտ և արդար ձևով պաշտպանելուն: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ օրենքը ոչ միայն ընդունվի, այլև՝ գործի: Պետք է աշխատանքներ տանել հատկապես կանանց իրազեկման մակարդակը բարձրացնելու, մասնագետներ վերապատրաստելու ուղղությամբ»,- ասում է Սուսաննա Վարդանյանը:

Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման կարևորության մասին, նշեց, որ դա իրականում շատ բան չի փոխի մեր իրականությունում, այս դեպքում ուղղակի ոստիկանը կկատարի այն, ինչ պարտավոր է անել օրենքով:

Իր հերթին Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ծրագրերի պատասխանատու Տաթևիկ Աղաբեկյանը ընդգծում է, որ այս տարի կանանց իրավունքների պաշտպանության համար ձևավորված  կոալիցիան հոկտեմբերի 1-ի ն՝ Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը, ակցիաներ են անցկացնելու՝ հասարակությանը կոչ անելով բռնության ականատես լինելիս՝ անպայման արձագանքել։

Back to top button